Արևելքը գրում է.Հնդկաստանում հիշում են հնդկական արվեստի մեծ նվիրյալ, նշանավոր երգչուհի, պարուհի Գոհար Ջանին (Գոհար Ջաան), որի մահվան 85-ամյակը լրացավ այս տարի: Գոհար Ջանը ապրել է Հնդկաստանում, բուռն ստեղծագործական կյանք է ունեցել 1900–1930 թվականներին, մահացել է 1935-ին: Իր ժամանակների ամենափայլուն աստղը երգել է հնդկական 20 բարբառներով: Ծնունդով Կալկաթայից հայուհի Գոհար Ջանը Հնդկաստանի առաջին երգչուհին է, որը 20-րդ դարի սկզբին գրամոֆոնային ձայնասկավառակ է ձայնագրել: Նրա ձայնն այսօր պահպանվել է շնորհիվ 1902-ին ձայնագրված այդ սկավառակի:
Մամուլը Գոհար Ջանին համարել է 20-րդ դարի սկզբի «Էլիզաբեթ Թեյլոր»: Նա նորաձեւության օրինակ էր ծառայում իր ժամանակի կանանց համար: Հայուհու անունը հիշատակվում է իբրեւ միակ արտիստուհին, որը մոտ մեկ դար առաջ ելույթ է ունեցել այն միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր երկրի մայրաքաղաքը Կալկաթայից Դելի տեղափոխվելու առթիվ: Այն ժամանակներում նա իր մեկ ելույթի համար հազարավոր ռուպիներ էր վաստակում: Գոհար Ջանը Անգլիայի փոխարքայից հետո Կալկաթայում երկրորդ մարդն էր, որ ավտոմեքենա ուներ: Հնդկական կինոարդյունաբերության վաղ ժամանակներում նկարահանված ֆիլմերում հաճախ է օգտագործվել Գոհար Ջանի երգերը, պարերը, հագուստի եւ զարդեղենի ոճը: Երգչուհի-պարուհին Հնդկաստանում ոչ պակաս նշանավոր երգչուհի Մալկա Ջան հայուհու դուստրն է:
Գոհար Ջանի մասին նույնիսկ գիրք է գրվել, որտեղ ներկայացված են նրա ամբողջ կյանքը, ստեղծագործական ընթացքը եւ այն ժամանակը, որում հռչակվել է հայուհին: