▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հին հայկական ավանդական ձևով ամուսնանալը ո՞րն է.Հոգեբանն ապշած է

Մայիսի 15-ը ընտանիքի միաջազգային օրն է:

«Ամենաշատ բաժանությունները լինում են ամուսնության 1-7 տարին ընկած ժամանակահատվածում: Պատճառներից մեկն այն է, որ երիտասարադները չգիտեն, թե ամուսնության ինստիտուտն ինչ է: 21 տարեկան աղջիկը տեսնելով ընկերուհուն հարսանյաց զգեստով՝ ցանկանում է ամուսնանալ և իր կարծիքով հարմար տղայի հետ փորձում է կապել կյանքը»,-ամուսնալուծությունների և հոգեբանական խնդիրների մասին խոսելով ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Երկրորդ պատճառը, հոգեբանի խոսքով՝ սոցիալական խնդիրն է.

«Ոչ մի նորաստեղծ ընտանիք չի կարող գոյատևել առանց ծնողների միջամտության: Շատ քիչ ընտանիքներ կարող են սեփական ուժերով ամուսնանալ: Իբրև կանոն խառնվում են ծնողները.հարսանիք են անում, նվերներ գնում և որպես կանոն ՝ նման խոսք կա.ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում: Երրորդ պատճառը...գիտեք, մեկ օր ինձ զանգահարեց մի տիկին, ով տղայի հետ կապված խնդիր ուներ.նա ցանկանում էր, որ 9 ամիս առաջ ամուսնացած իր 23-ամյա տղան ինձ մոտ գա, կնոջ հետ խնդիրներ ուներ: Ասում էր՝ մենք իրեն ամուսնացրեցինք, մենք հարսանիքն արեցինք, մենք աղջկան գտանք: Իսկ ո՞ւր էր տղամարդու դերը: Ուր է տղայի կամքը, ցանկությունը: Մայրը համարեց, որ աղջիկն հարմար է տղային ու ամուսնացրեց.ահա և բաժանություն:

Եվ ինձ հունից հանեց այն, որ ասաց՝ մեր հին հայկական ավանդական ձևերով.դա ո՞րն է.կարծիքը հաշվի չառնե՞լը: Եթե մայրը հաշվի չի առնում, կինն էլ չի առնի»,-նկատեց Իրինա Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ բաժանության պատճառ է նաև արտագնա աշխատանքի մեկնելը.

«Այլ երկրում նոր ընտանիք է ստեղծում, իսկ կինն էլ մնում է նահապետական ձևով ապրող սկեսուր-սկեսրայրի հետ»:

Սեքսապաթոլոգ  Վրեժ  Շահրամանյանն էլ նշեց, որ ընտանիքների կազմալուծման պատճառներից մեկը պատասխանատվության բացակայությունն է.

«Շատերին թվում է, թե պետք է ամուսնանալ կարճ ժամանակահատվածում շփման կամ արտաքին տվյալների համար՝ չխորանալով այն հարցերում, որոնք շատ կարևոր են.ներդաշնակ են, թե՞ ոչ, կարո՞ղ են արդյոք մի տանիքի ներքո ապրել, հասկանալ ու զիջել իրար»,-ասաց սեքսապաթոլոգը:

Կոնֆլիկտների պատճառներից մեկը, ըստ նրա՝  սեռական հայացքների բախումն է.

«Դա ունի իր պատճառները.երկար տարիներ ապրել ենք փակ համակարգում, հիմա էլ ինֆորմացիայի հեղեղ է. որը հակասական է ու ապատեղեկատվություն: Ու շատ երիտասարդներ կարծում են, որ այն, ինչ տեսել են կայքերում, կամ դիտել են, դա է ճիշտը: Ուստի ամուսնական կյանքում լուրջ խնդիրների են բախվում»,-եզրափակեց Վրեժ Շահրամանյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more