2015 թվականի նոյեմբերի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Հայաստանում աննախադեպ սառցե շոու, որը հատուկ հայ հանդիսատեսի համար բեմադրել է հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը:
2,5 ժամ տևողությամբ շոուն ներառում է՝ աշխարհի լավագույն գեղասահորդների պրոֆեսիոնալ կատարումներ, անհավանական ցատկեր, գեղասահորդ-ակրոբատների ֆանտաստիկ համարներ, լուսային ու ձայնային ցնցող լուծումներով հեքիաթային բեմադրություն: Ծրագրին մասնակցում են` Սառցե բեմի արքա Եվգենի Պլյուշչենկոն՝ իր բացառիկ արհեստավարժությամբ և փայլուն վարպետությամբ.
«Նրա ելույթը կուղեկցվի շոուի հատուկ հյուր՝ էստրադային ջութակահար, երգահան, պրոդյուսեր, դերասան, բազմաթիվ մրցանակնրի հեղինակ Էդգար Հակոբյանի նվագակցությամբ: Շոուին կմասնակցեն հայտնի գեղասահորդներ Իրինա Սլուցկայան, Թոմաշ Վերները, Ջեյսոն Գրատցը և ուրիշներ: Սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն կցուցադրի չմուշկներով ցատկը՝ սառցե բեմի վրա կայանված ավտոմեքենայի վրայով»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արի Զաքարյանը:
Սառցե բեմի արքան էլ շտապեց տեղեկցնել. «Ինձ հետ ամեն ինչ կարգին է, չնայած որ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, թե ես կրկին վիրահատության եմ ենթակվել: (Հիշեցնենք, որ ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն մեջքի վնասվածքի պատճառով դուրս էր եկել Սոչիում ընթացող Օլիմպիադայի տղամարդկանց անհատական մրցաշարից: Նա ցատկ էր կատարել և չէր կարողացել հաջող վայրէջք կատարել): Ասեմ, որ սկսել եմ համաշխարհային տուր, որում ներառված է նաև Հայաստանը, ուստի նոյեմբերի 20-ին հայ հանդիսատեսի դատին կհանձնեմ նոր ծրագիր և հուսով եմ, այն ձեզ դուր կգա»:
Գեղասահորդը ցավ հայտնեց, որ գեղասահքը Հայաստանում չի զարգանում.
«Հայաստանում չկա սառցադաշտ: Մենք փորձեցինք ինչ-որ բան անել, բայց չստացվեց: Դուք ունեք հրաշալի գեղասահորդներ, ուստի իշխանությունը, գործարարները պետք է փորձեն օժանդակել: Սա մեծ գումարի հետ կապված չէ»:
Հարցին, թե ինչի՞ց է վախենում, Պլյուշչենկոն պատասխանեց.
«Վախենում եմ միայն ընտանիքիս համար, մնացածն անցողիկ է: Երբ գա իմ ժամանակը՝ կասեմ, ցտեսություն, իմ ժամանակը լրացավ, իսկ հիմա ապրել է պետք»:
Անի Կարապետյան