armtimes.com-ը գրում է. Ղարաբաղի հարցի շուրջ ստեղծված այս լարված փուլում, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից հնչող «փոխզիջումային» հայտարարությունների ֆոնին ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ Արցախում անցկացվող սոցիոլոգիական հարցումները ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը պրովոկացիա եւ դավաճանություն է համարում:
Այդ մասին ազատամարտիկը հայտարարել է մեզ հետ զրույցում: Նշենք, որ սոցհարցումները, որոնց մասին ասում է Բադասյանը՝ Արցախում անցկացվում են արդեն մի քանի օր: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հարցումն անցկացնում է IPSC քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության պատվերով: Բացի տարածքների վերադարձի տարբեր սխեմաների վերաբերյալ կարծիքներ հարցնելուց հարցման մասնակիցները փորձում են նաեւ պարզել, թե ղարաբաղյան խնդրի ոչ հայանպաստ լուծման դեպքում ի՞նչ է անելու Ղարաբաղի ժողովուրդը:
Ներկայացնենք Բադասյանի հետ մեր զրույցը.
- Պարոն Բադասյան, տարիներ առաջ Սերժ Սարգսյանի կողմից եղավ հայտարարություն, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Երեկ Հանրապետականներից մեկը հայտարարել է, որ կարելի է Ղարաբաղի անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել՝ Ղարաբաղի անտանգության դիմաց: «Եթե, օրինակ, Աղդամը տանք ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք»՝ ասել է ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը: Ի՞նչ եք կարծում՝ պատահակա՞ն է շրջանառվում այս միտքը:
- Տարիներ առաջ, երբ դեռ Սերժ Սարգսյանը նախագահ չէր եւ ասաց այդ միտքը, ինքն իր պատասխանը ստացավ հասարակության, արցախցիների, քաղաքական գործիչների կողմից: Այսօր այո, այդ տրամաբանությամբ առաջ են գնում Հանրապետականները: Ես ասեմ ձեզ, որ դա իրենց չի հաջողվելու: Որովհետեւ այսօր նրանք իսկապես չեն հասկանում, որ դրանով վտանգում են մեր ժողովրդին, եւ մենք՝ արցախցիներս, ամեն ինչ կանենք, թույլ չենք տա խաթարել արցախցիների անվտանգությունը: Որովհետեւ տարածքների զիջումը բերելու է պատերազմի: Ադրբեջանի ախորժակն այդքան փոքր չէ, որ դրանով հարցը լուծվի, Ադրբեջանը մինչեւ Երեւան է ուզում, ուստի ոչ մի զիջում չպետք է թույլ տալ՝ Ադրբեջանի ախորժակը չգրգռելու համար: Փոխզիջման մասին խոսելուց առաջ մենք պիտի գանք 1994 թվականի Մինսկի խմբի համանախագահների առաջին հայտարարությանը, որ երկու երկրների միջեւ առաջին հերթին պետք է փոխվստահություն ձեւավորվի: Այսօր մենք չունենք այդ վստահությունը Ադրբեջանի նկատմամբ, որ գնանք տարածքների զիջման: Հենց տարածքները զիջեցինք, պատերազմ է սկսվելու: Դա պետք է հասկանան Հանրապետականները: Հետո, Հանրապետականներից ոչ մեկը բանակում չի ծառայել եւ մարտի չի գնացել, նրանք մարտ տեսած չեն, նրանք մարտերից վախենում են, դրա համար անհնար են համարում պատերազմով երկիր պահելը: Մենք պատերազմել ենք եւ տեսել ենք այդ ամենը, հիմա հեշտությամբ էլ կարող ենք պահել, բայց նրանք չեն տեսնում այդ հնարավորությունը:
- Ի՞նչ եք կարծում՝ այս աղմուկը արհեստակա՞ն է, թե իրականում կա փոխզիջումներով Ղարաբաղի հարցը լուծելու առաջարկ: Եթե հիշում եք՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպման մասին խոսելով ասաց, որ կան առաջարկություններ: Արդյո՞ք այդ առաջարկները կարող են զիջումներին վերաբերել:
- Լավրովը իր շահն է հետապնդում, իսկ գրեթե բոլոր Հանրապետականները, ցավոք սրտի, սպասարկում են հենց Լավրովի շահերը: Նրանք հայկական շահերի տեսանկյունից չեն խոսում: Թողնենք մի կողմ, թե Լավրովն ինչ է ասել: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ զիջումներով մենք չենք կարող ձեռք բերել խաղաղություն: Մենք խաղաղությունը միայն ու միայն ձեռք ենք բերելու անզիջում եւ անկոտրում լինելու միջոցով: Սա է կարեւորը, որ մենք պետք է միշտ հիշենք:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում