«Հայաստանում տեղի ունեցան հրաշալի իրադարձություններ: Հասարակությունը պետք է օգնի, որպեսզի երկար տարիներ պետության մեջ առկա խայտառակ հարցերը լուծվեն: Չկա մի ոլորտ, որն ապականված չէ: Անհրաժեշտ է հիմնովին ապամոնտաժել ու նորը կառուցել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը՝ հավելելով,
«Բայց, եթե այս նոր ուժերը կրկնեն նախորդների արատավոր վարքը, վստահ եմ, որ մեր հասարակություը դա չի հանդուրժի, մարդիկ կրկին ոտքի կկանգնեն»:
Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանն էլ հույս հայտնեց, որ ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին կընտրեն ԱԺ-ում, հակառակ դեպքում կհակադրվեն լայն զանգվածի:
Շարունակելով նրան՝ նախկին դատավոր Պարգև Օհանյանն էլ նկատեց.
«Իշխանությունը կամ կհանձնվի, կամ՝ հաշտություն կկնքի: Սերժ Սարգսյանը վեհանձն քայլ արեց, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի նման ամբարտավան խոսքեր ասաց: Եթե ՀՀԿ-ն վաղը քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, ապա կհաղթեն պետությունը, ժողովուրդն ու անգամ ՀՀԿ-ն: Բայց, եթե այլ քայլ կատարեն, ժողովրդի ձեռքից չեն պրծնի»: