▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախագահի, վարչապետի անունները հայոց պատմության մեջ ոսկե տառերով կգրվեն.Արտաշես Գեղամյան

2018 թվականի մարտի 2-ին Ազգային Ժողովի կողմից ՀՀ նախագահ  ընտրված Արմեն Սարգսյանն այսօր Աժ հատուկ նիստի ժամանակ ստանձնեց ՀՀ նախագահի պարտականությունները:

Երդման արարողությունից հետո գրող Ռազմիկ Դավոյանը լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանին որակեց որպես պատասխանատու անձ.

-Եթե Սերժ Սարգսյանի հետ թիկունք թիկունքի տան, խելք խելքի տան, աշխատեն, լավ կլինի:

Արտաշես Գեղամյանին էլ դուր էր եկել նորանշանակ նախագահի ելույթը.

-Հիմքում այն էր, որ մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ և այդ գիտակցությունը գալիս է ասելու, որ Հայաստանին լավ ապագա է սպասվում: Տա Աստված, մենք ունենանք իմաստուն, հմուտ վարչապետ, ի դեմս Սերժ Սարգսյանի, մյուս կողմից կունենանք նախագահ, ով քաջատեղյակ է աշխարհաքաղաքական բարդ զարգացումներին, որոնք վտանգավոր են ոչ միայն ամբողջ աշխարհի, այլ նաև Հայաստանի համար: Մենք ունենք եզակի հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու, որ քաղաքակիրթ ազգ լինելու պարագայում կարելի  է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի, ինչպես նաև Եվրամիության, ԱՄՆ-ի հետ: Մենք այս օրինակը կարող ենք տարածել ու աշխարհը շնորհակալ կլինի հինավուրց քաղաքակրթությանը,-նշեց Արտաշես Գեղամյանը:

Ինչ վերաբերում է ընդդեմ Սերժ Սարգսյանի արվող քայլերին, Արտաշես Գեղամյանը նկատեց.

-Չեմ ուզում այս սուրբ օրվա իմաստը իմաստազրկել:

Հարցին՝ այս օրը սո՞ւրբ է, Գեղամյանը պատասխանեց, որ այո, քանի որ իրար չեն վատաբանում, ամեն մեկը իր նախորդի կատարած դրական քայլերն է մատնանշում:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու օրն էլ են սուրբ համարելո՞ւ, Գեղամյանն ասաց, որ այո:

-Ի դեմս ՀՀ և ԱԺ նախագահների, վարչապետի, ունենք շատ փորձառու մարդկանց, որոնք առաջնորդվում են միայն մի բանով, որ վաղը , մյուս օրը իրենց  անունները հայոց պատմության մեջ գրվեն ոսկե տառերով:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more