Ի պատասխան ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին ուղղված ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Եսայանի բաց նամակի` տեղեկացնում ենք, որ նախարարի հանձնարարությամբ հարցը քննարկվել է համալսարանում:
Երեւանի պետական համալսարանից մարտի 16-ին ստացված գրավոր պարզաբանման համաձայն՝ Հովհաննես Եսայանը համալսարանից հեռացվել է դեռեւս 2-րդ կուրսում ուսումնական պլանով նախատեսված «Ֆիզդաստիարակություն» առարկայի լուծարքը չհանձնելու, երկու տարի շարունակ այդ առարկայի դասերին չմասնակցելու եւ մինչեւ 4-րդ կուրսի 2-րդ կիսամյակն այն չլրացնելու համար: Այս ամենը նախատեսված է ԵՊՀ կրթական ծրագրերով, եւ «Ֆիզդաստիարակություն» առարկան ԵՊՀ կրթական ծրագրերով նախատեսված պարտադիր դասընթաց է, ինչպես ԵՊՀ-ում ուսուցանվող այլ դասընթացներ:
Երկու տարի շարունակ ուսանողը հնարավորություն է ունեցել նորից մասնակցել դասընթացին եւ հանձնել այն: Սակայն, փաստացի չի մասնակցել եւ օրենքով սահմանված կարգով հեռացվել է համալսարանից:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հովհաննես Եսայանի` ԵՊՀ-ում ուսումնառության յոթ կիսամյակների հանրագումարային ՄՈԳ-ը 9,64 է:
Նկատենք, որ նախարարության պատասխանը նույնությամբ կրկնում է Երեւանի պետական համալսարանի խնդրի վերաբերյալ օրեր առաջ ներկայացրած պարզաբանումները:
Հիշեցնենք, որ Հովհաննես հայտարարել էր, թե բուհում ինքը հետապնդումների է ենթարկվում իր հայացնքների եւ բուհից դուրս ծավալած գործունեության հետ կապված, երբ հանրայնացրել է կրթական խնդիրները ու այս հեռացումն էլ, ըստ նրա, այդ հալածանքների շարքից է: