2016 թվականի հունվարի 5-ին armlur.am լրատվական կայքը տարածել է «Օրենքով գող Շաքրո Մոլոդոյը ժամանել է Հայաստան, ովքեր են նրան դիմավորել» վերնագրով նյութ, որում նշվում է որ նրան դիմավորել են ՀՀ ՀՀԿ անդամներ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրված 2016 թվականի հունվարի 12-ի գրությամբ խնդրել է տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչ պատճառով է, առանց խոչընդոտի, թույլատրվել օրենքով գող Շաքրո Մոլոդոյի մուտքը Հայաստան, իսկ Ժեան Բապտիստե Օզկիրիսյանի /Շանթ Ոսկերչյան/ մուտքը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվել, քանի որ վերջինս համարվում է անցանկալի անձ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության 2016 թվականի հունվարի 25-ի պատասխան գրության մեջ նշվում է, որ օտարերկրացիների մուտքը ՀՀ արգելվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Միաժամանակ հայտնում են, որ Ժեան Բապտիստե Օզկիրիսյանի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ արդեն պատասխաններ տրվել են:
Այսպիսով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը գտնում է, որ օրենքով գող Շաքրո Մոլոդոյը ցանկալի անձ է Հայաստանի Հանրապետությունում, իսկ Հայկական վերածնունդ կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Ժեան Բապտիստե Օզկիրիսյանը՝ անցանկալի: