▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԱԺ պատգամավորների զավեշտալի այցը Ղարաբաղ

lragir.am-ը գրում է. Այս օրերին ՀՀ ԱԺ պատգամավորների մի խումբ այցելել է Արցախ, որտեղ հանդիպումներ է ունենում ԼՂՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, այցելում գյուղեր եւ հանդիպում արցախցիներին:

 

Հանդիպումների ժամանակ նրանք փորձում են բացատրել արցախցիներին, թե ինչ կլինի, եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը: Նրանք ասում են, թե դա հղի է լուրջ վտանգներով ու սպառնալիքներով, եւ աշխարհն էլ չի ողջունի դա: Ավելին, նրանք փաստացի խոստովանել են, որ Ռուսաստանը թույլ չի տալիս ճանաչել: Նրանք հորդորել են հակառուսական տրամադրություններ չտարածել, ասելով, որ Ռուսաստանն այս ամենի հետ կապ չունի, որ ամբողջը Թուրքիայի արածն է:

 

Փաստացի, Հայաստանի պատգամավորներն Արցախում փորձում են տարածել այն գաղափարները, որոնք ակտիվորեն գեներացվում են ռուսական պաշտոնական ու մեդիա-փորձագիտական շրջանակներում:

 

Ինչո՞ւ են նրանք այս առաքելությամբ մեկնել Արցախ, ի՞նչ կարիք էր առաջացել: Արդյոք ցանկանում են շոշափել արցախցիների տրամադրություններն անկախության ճանաչման հարցում: Արդյոք Արցախը պահանջում է ճանաչել իր անկախությունը: Թե՞ հանձնարարություն ունեն վախեցնել արցախցիներին:

 

Մյուս կողմից, դատելով օրինակ Հերմինե Նաղդալյանի եւ այլ հհկ-ականների, իշխանության հետ ՙհամախմբված՚ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններից, պատգամավորների վարքը տարօրինակ չի կարելի համարել:

 

Ապրիլյան ռազմական գործողությունների օրերին հարկադրված լինելով անել մի շարք կոշտ ու ինքնիշխան հայտարարություններ, Հայաստանի տարբեր մակարդակի պաշտոնյաները սկսեցին անմիջապես նահանջել դրանցից: Երեւում է՝ իրենք էլ են վախեցել իրենց արածից, կամ ինչպես պնդում է ռուս հայտնի քաղաքագետ Պիոնտկովսկին՝ Ռուսաստանն է սաստել:

 

Հայաստանցի պատգամավորների առաքելությունը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ: Հայաստանի քաղաքական դասը երեւում է լուրջ շփոթվածության մեջ է, եւ նրա քայլերը գնալով արդեն զավեշտալի են դառնում:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more