Օրերս ԱԺ-ում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին հետաքրքրում էր, թե ո՞վ է Մարզահամերգային համալիրի սեփականատերը: Պատասխանը եղել էր այն, որ Մարզահամերգային համալիրն օտարվել է «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին: Համալիրին հարող 8.5 հա տարածքում կկառուցվեն հյուրանոցային համալիրներ, ռեստորաններ, խաղատներ, ժամանցային այլ վայրեր, փակ ջրային ատրակցիոններ: Ծրագիրն իրականացվելու է առավելագույնը 4 տարվա ընթացքում, ներդրումները պակաս չեն կարող լինել 100 միլիոն դոլարից:
Ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Գուրգեն Մուշեղյանը՝ Մարզահամերգային համալիրի տարածքում խաղատների, ժամանցային վայրերի, հյուրանոցների կառուցումը մեծ սխալ են համարում.
«Սա անհանդուրժելի է: Այդ նույն խաղատներն ու ջրավազանները մեկ այլ տեղ պետք է լինեին, չէ՞ որ այգին են վերացնելու: Էլ չեմ խոսում նրա համար, որ քիչ հեռու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սաշուր Քալաշյանը՝ նկատելով, որ այս որոշումն ընդունվել է օրենքի խախտումով.
«Խախտվել է քաղաքաշինության օրենսդրության 6-րդ գլխի 14-րդ հոդվածը, որտեղ նշվում է՝ նման որոշումներ ընդունելուց առաջ իրազեկել հանրությանն ու քննարկել, որը չի կատարվել: Հապճեպորեն որոշում է կայացվել, ուստի համարվում է ապօրինի ու հանցավոր գործարք»,- ասաց Սաշուր Քալաշյանը:
Շարունակելով վերջինին՝ Գուրգեն Մուշեղյանը նշեց.
«Առաջին հերթին Ծիծեռնակաբերդը պետք է զերծ պահել կառուցապատման խնդիրներից և, եթե ցանկանում են մարդկանց օգնել, որպեսզի բիզնես ձևավորեն՝ Մարզահմերգային համալիրի կայացման համար, թող լավ մենեջմենթ ունենալու մասին մտածեն, իսկ հյուրանոցը թող կառուցեն Ծիծեռնակաբերդի տարածքից դուրս, որն արդեն Կիլիկիա թաղամասն է»:
Ճարտարապետները հոգնել են նաև անընդհատ գրավոր հարցումներ ուղարկելուց.
«0 արդյունք, մեզ արհամարհում են»,-ասում են նրանք:
Անի Կարապետյան