«Փաստինֆո»-ն գրում է.Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի հոր ու նրա ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքների գործով դիմող կողմն այսօր շարունակեց բարձրաձայնել քրեական գործում բացակայող նյութերի մասին: Հայկ Ալումյանը նշեց, որ 2013թ. հունիսի 14-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական դատարանն որոշում էր ընդունել Սուրիկ Խաչատրյանի վարորդի ու երկու ազգականների հեռախոսահամարները լսելու ու ձայնագրառելու մասին: Նրանք անձինք են, ովքեր առնչվել են դեպքին կամ մասնակիցների շրջապատից են: Նույն օրը դատարանի որոշումը ներկայացվել է կատարման, սակայն գործում չկան նյութերը:
«Մեր կողմը պնդում է, որ նյութերը տեղ չեն գտել գործում, որովհետև դրանք կխոչընդոտեին գործը կոծկելուն, այսինքն՝ առկա է հերթական կեղծիքը, որոնցով քրեական գործը շատ հարուստ է»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հիշեցնելով այլ բացակայող նյութերի մասին ևս. մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հեռախոսահամարների ելքային և մուտքային վերծանումների 26 թերթից գործին կցված է միայն 16 թերթը, իսկ Սուրիկ Խաչատրյանի հեռախոսահամարի ելքային-մուտքային զանգերի վերաբերյալ այլ օպերատորի տրամադրած նյութից 24 թերթից երկուսի ճակատագիրն անհայտ է:
Դատախազ Կարեն Հարությունյանն իր հերթին ընդգծեց, որ Հայկ Ալումյանը «կրկին ենթադրությունների դաշտ մտավ», իրականությանը չի համապատասխանում փաստաբանի հայտարարությունն այն մասին, որ, մասնավորապես, հեռախոսային խոսակցությունները լսելու ու ձայնագրառելու նյութերը տեղ չեն գտել՝ գործը կոծկելու նպատակով: Ըստ նրա՝ գործում կա որոշում, ըստ որի՝ ԱԱԾ-ում հեռախոսային խոսակցությունները լսելու ու ձայնագրառելու՝ դատարանի որոշումը չի կատարվել տեխնիկական պատճառներով: Հայկ Ալումյանն իր հերթին առարկեց՝ հայտարարելով, որ այդ որոշումը փաստաթուղթ չէ, ընդամենը թուղթ է, որովհետև ստորագրված է միայն քննիչի կողմից, դրանում առկա չի ԱԱԾ համապատասխան պաշտոնյայի ստորագրությունը: