ԱԺ-ում քննարկվում է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը կոնվեցիայի վերաբերյալ նշեց, թե այս կոնվենցիայի առանձին դրույթներ թույլ տալիս են հույս ունենալ, որ առանձին դրույթներ կարող են նպաստել երկրում մարդու իրավունքների պաշտպանության համար, բայց ըստ նրա՝ պետք է զգոն լինել և ուշադրություն դարձնել այն դրույթներին, որոնք վտանգավոր են։
«Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ։ Նաև խոսվում է քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող ծրագրերի մասին»,- կոնվենցիայից մեջբերում արեց Գևորգ Պետրոսյանը ու հավելեց, թե ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը, տեղյակ չեն։
ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ եթե կոնվենցիան ամբողջությամբ կամ մասնակի չեն ընդունում, ապա դա չի նշանակում, որ խրախուսում են նման երևույթները։ Նա առաջարկում է Քրեական օրենսգրքում երեխաների իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների պատժելիությունը խստացնել, և ոչ թե կոնվենցիա վավերացնել, որն ըստ նրա՝ սպառնալիքներ է ներկայացնում։
«Առաջինից չորորդ դասարանը կոչվում են տարրական, էդ հեքիաթից ու կաթից նոր կտրված երեխուն ուրիշ բան չունենք սովորեցնելո՞ւ, պիտի սեռական շահագործումից պաշտպանելը սովորեցնե՞նք»,- ընդգծեց նա։
Հավելենք, որ Կոնվենցիան ստորագրվել է 47 պետության, ուժի մեջ է մտել 44 պետության համար: Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: Կոնվենցիայի նպատակներն են երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության կանխարգելումը և դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական և միջազգային համագործակցության խթանումը:
Մանրամասները՝ տեսանյութում։