Արդեն երկու օր է շրջապատումս էլ մարդ չմնաց, որ չհարցնի՝ «Ամենախելացինը նայեցի՞ր»։ Վերջապես ժամանակ գտա ու նայեցի։ Ու քանի որ րոպեներ առաջ եմ դիտել այն, տպավորություններս բավականին թարմ են ու ուզում եմ կիսվել հետներդ։ Նախ ասեմ, որ «Ամենախելացինը» հրաշալի շոու եմ համարում ու նրա վերջին թողարկումը լակմուսի թղթի նման մի բան հանդիսացավ մեր մեդիա դաշտի համար ու ցույց տվեց մեր հայտնիների ողջ պերճանքն ու թշվառությունը։
Աշոտյանը հաղորդավարի դերում շատ լավն է։ Հիմա արդեն գիտենք ինչով նա կարող է զբաղվել, երբ Նավակ ճոճողը հեղափոխություն անի երկրում։ Նա այնքան բնական էր նայվում իր նոր դերում, որ շատ նորմալ կվերաբերվեի, եթե հանկարծ որոշեր «Թայդի», կամ «Ռեդի» յուղի գովազդ անել շոուի ընթացքում։
Այս թողարկմանը հրավիրված էին մեր մեդիա դաշտի ժայռերը։ Մարդիկ, ովքեր խելացիի, բանիմացի, տաղանդավորի ու ամենատեղեկացվածի համարում ունեն մեզանում։ Բայց հաղորդման ընթացքում պարզվեց, որ այն տաղանդները, որոնք վերագրվում էին նրանց մինչ այս պահը, բազմակի անգամներ ուռճացված են։ Այս հաղորդման ընթացքում պարզվեց, որ մարդիկ, ում համարում էինք այս կամ այլ ոլորտի մեծ գիտակ, անգամ գիտնական, ուսուցիչ, իրենց գիտելիքներով մեծապես զիջում են նրանց, ում կրթելու առիթ երբևէ ունեցել են։ Ցավալիորեն պարզվեց, որ մեր հեռուստաեթերի ժայռերը ոչ ամենախելացին են, ոչ ամենաբանիմացը, ոչ էլ տաղանդավոր են առհասարակ։ Ու սա իսկապես ցավալի է, որովհետև հասարակության կրթական մակարդակը նաև այս ցուցանիշով է չափվում։ Իհարկե չեմ պնդում, որ հայտնիները պետք է ամեն ինչ իմանային կրոնի, մշակույթի, սպորտի, աստղագիտության ու պատմության մասին, բայց առնվազն ակնկալում էի, որ գոնե տեղյալ կլինեն այն ոլորտներից, որոնց մասնագետն են համարվում։
Օրինակ ինձ համար շատ տարօրինակ ու ամոթալի էր, որ լուրերի հաղորդավարուհի Լիլիթ Թումանյանը չէր ճանաչում Վայոձ ձորի նախկին մարզպետ և ներկայումս Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանին։
Շատ ամոթալի էր, որ ռազմական թեմատիկայի գիտակ համարվող ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չգիտեր, թե, որ ռազմական գործիչն է ղեկավարել Շուշիի ազատագրման Հրազդան ռազմագործողության պլանի մշակման աշխատանքները։ Ինչպե՞ս կարող է զինվորականը չիմանա հայ գեներալների ղեկավարած գործողությունները ու այդ գործողությունների տակտիկական հնարքների մեջ խորացած չլինի։ Կամ ինչպե՞ս կարող է նույն այդ զինվորականը պատմություն չիմանա և չճանաչի վրիժառու Արշավիր Շիրակյանին, ում դեմքով գիտի ցանկացած դպրոցական։ Էլ ի՞նչն է նրան տարբերելու շարքային քաղաքացուց։ Վաղը մարտի դաշտում ինչի՞ վրա հիմնվելով է նա ճակատագրական որոշումներ կայացնելու։
Ամոթալի էր, որ սպորտի գիտակի համարում ունեցող ու արդեն 20 տարոց ավելի սպորտի բնագավառը լուսաբանող լավագույն լրագրող համարվող Կարեն Գիլոյանը, ով այս ամենից բացի նաև սպորտային լրագրություն է դասախոսում ԵՊՀ-ում, այդքան թույլ և ամոթալի գիտելիքներ ունենա սպորտի մասին։ Ինչպե՞ս կարող է իր կյանքում ամենաշատը ֆուտբոլից խոսող մարդը չիմանա, թե ով է ներկայումս գլխավորում աշխարհի լավագույն ակումբներից մեկը՝ Բարսելոնան։ Կամ ինչպե՞ս կարող էր նա 0 ինֆորմացիա ունենալ Իտալիայի ընթացիկ ֆուտբոլի առաջնության մասին։ Ինչպե՞ս կարող էր նա չիմանալ, թե որ մարզաձևն է ներկայացնում Ռուբեն Ալեքսանյանը, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ճանաչում է այդ տաղանդավոր ծանրամարտիկին։ Թերևս միակ ճիշտ բանը, որ նա ասաց, դա իր արդար գնահատականն էր իր խաղին՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է։
Ամոթալի է, որ արևելեգետ Գեղամ Մանուկյանը, ում մասնագիտության մեջ պատմությունը մեծ բաժին ունի, նման գիտելքիներ ուներ պատմության մասին։ Ինչպե՞ս կարող էր նա Սամվել Բաբայանին՝ բոլորիս հայտնի ազդականչ 44-ին, ով Շուշիի ազատագրման մեջ անուրանալի դեր է ունեցել, շփոթել Սեյրան Օհանյանի հետ։ Ինչպե՞ս կարող է արևելագետը չիմանա, թե որ դարում է Կիլիկիայում հաստատվել Ռուբինյանների իշխաանությունը, երբ դա գիտի ցանկացած դպրոցական։ Ինչպե՞ս կարող է մարդ, ով պնդում է, թե Շիրազն իր համար ամեն ինչ է, չկարողանա պատասխանել Շիրազի մասին հարցերի մեծամասնությանը։
Ինչպե՞ս կարող ՀՀ-ի լավագույն լրագրողներից մեկը, ով արդեն 27 տարի զբաղվում է լրագրությամբ ու հայերենով է նյութեր գրում ու ռեպորտաժներ պատրաստում, հայոց լեզվի մասին 15-ից ավելի հարցերից ճիշտ պատասխանի ընդամենը 1-ին, այն էլ պատահականորեն։ Արտյոմ Երկանյանից իսկապես չէի անկնկալում նման խաղ։ Մյուս բնագավառներում նրա ձախողումների մասի էլ չխոսեմ։
Ինչպե՞ս կարող է Արտակ Հերիքյանը, ով արդեն երկար տարիներ վայելում է ֆրանսագետ հայ լրագրողի պատվավոր կոչումը, ով պատիվ է ունեցել մեկից ավելի հարցազրույցներ անել Շարլ Ազնավուրի հետ, չկարողանար պատասխանել նրա գործունեության մասին տարրական հարցին։
Բոլորից առանձնացավ Սաթիկ Սեյրանյանը, ով իհարկե շատ ինֆորմացված չէր մյուս ոլորտներից, բայց իր գործը լավ գիտի ու լիովին տիրապետում է քաղաքական դաշտին։ Քաղաքական հարցերին պատասխանելիս նա պարզապես փայլեց։ Փայլեց նաև Եգոր Գլումովը ու նա արժանի էր հաղթանակի։ Շատ բազմակողմանի զարգացած տղա է, լավ գիտի իր ոլորտը, պատմություն լավ գիտի ու խորը գիտելիքներ ունի գրականության մասին։
Ամենաշատը բերեց Պետրոս Ղազարյանի և Գոհար Վեզիրայնի բախտը, որ առաջին փուլից դուրս մնացին ու մենք չկարողացանք տեսնել այն ինչ չպետք է տեսնեինք։ Ու հենց այդ պատճառով է, որ չհասցրինք նրանցից էլ հիասթափվել։
Շատ կարդացեք։ Կարդացեք շատ։ Քիչ գլուխ գովեք ու մի ճոռոմախոսեք։ Այս օրը դաս եղավ բոլորիս։