▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիներ և ոչ հայտնիներ, ովքեր դիմում են պլաստիկ վիրահատությունների

Այսօր ամբողջ աշխարհում լայն տարածում է գտել պլաստիկ վիրաբուժությունը, որը բժշկության ոլորտի մեծագույն  ձեռքբերումներից է: Պլաստիկ վիրաահատությունների մարդիկ դիմում են իրենց առողջական խնդիրները վերացնելու, մարմնի տարբեր թերությունները շտկելու,  իրենց արտաքինին կատարյալ տեսք հաղորդելու նպատակներով: Հայաստանում նույնպես պլաստիկ վիրահատությունները մեծ պահանջարկ ունեն հասարակության տարբեր շերտերի շրջանում:

Asekose.am-ը կապ հաստատեց Էրեբունի բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ, պլաստիկ վերականգնողական և էսթետիկ  վիրաբույժների հայկական ասոցիացիայի, պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության եվրոպական միության (ESPRAS), պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիայի (IPRAS) անդամ Էդգար Հայրապետյանի հետ՝ պարզելու, թե պլաստիկ վիրաբուժությունը մեզանում զարգացման ի՞նչ մակարդակի վրա է գտնվում, և պլաստիկ ի՞նչ վիրահատությունների են դիմում հայերը:

Իր խոսքում նախևառաջ բժիշկ Հայրապետյանը առանձնացրեց պլաստիկ և էսթետիկ վիրահատություն հասկացությունները՝ նշելով, որ մարդիկ շատ հաճախ սրանք չեն կարողանում միմյանցից տարբերակել.

«Էսթետիկ վիրահատությունների մեջ մտնում են քթի, կրծքերի, որովայնի առաջնային պատի վիրահատությունները, իսկ պլաստիկ վիրահատությունների մեջ մտնում է, օրինակ՝ հրազենային վնասվածքի հետևանքով առաջացած դեֆեկտի վերացումը»:

Մեզ հետ զրույցի ընթացքում պրն. Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում էսթետիկ բժշկության ցանկացած տեսակ այժմ հասանելի է: Նրա խոսքով՝ պլաստիկ վիրահատությունների ոլորտը Հայաստանում զարգացած է նույնքան, որքան արտասահմանում:

 «Պլաստիկ և էսթետիկ վիրահատությունների համար անհրաժեշտ չէ լուրջ տեխնիկական հագեցվածություն, կարևորվում է վիրաբույժի հմտությունը, իսկ մեր պլաստիկ վիրաբույժները այս առումով չեն զիջում արտասահմանի բժիշկներին»,- փաստեց Էդգար Հայրապետյանը՝ հավելելով, որ Հայաստանում պլաստիկ վիրահատություններն աչքի են ընկնում բարձր որակով և ոչ այնքան բարձր արժեքով:

Մեր այն հարցին, թե հիմնականում էսթետիկ ի՞նչ վիրահատությունների են դիմում մեր հայրենակիցները, և ո՞րն է ամենամեծ պահանջարկ ունեցողը, բժիշկ Հայրապետյանը նշեց, որ լայն տարածում ունեն  քթի, ականջների, որովայնի առաջնային պատի վիրահատությունները, կրծքագեղձերի մեծացումն ու փոքրացումը, շնչառության կարգավորումը, սակայն Հայաստանում էսթետիկ վիրահատությունների ցանկում առաջին տեղը գրավում է քթի վիրահատությունը: Իր խոսքում բժիշկը փաստեց, որ վերջին տարիներին տղամարդիկ ավելի շատ են դիմում էսթետիկ վիրահատությունների, քան նախորդ տարիներին:

Բժիշկ Էդգար Հայրապետյանը հաստատեց, որ Հայաստանում նույնպես կա այն միտումը, որ էսթետիկ վիրահատությունների դիմում են հոլիվուդյան այս կամ այն աստղին նմանվելու ցանկությամբ, սակայն կոնկրետ անուններ չցանկացավ նշել, քանի որ միշտ նույն անուններն են շրջանառվում: Մասնագիտական էթիկայից ելնելով՝ բժիշկը հրաժարավեց հրապարակել նաև այն հայտնիների անունները, ովքեր իր մոտ պլաստիկ վիրահատության են ենթարկվել:

«Միշտ չէ, որ մարդիկ գիտակցված են  դիմում պլաստիկ վիրահատությունների. շատ հաճախ նրանք դառնում են նորաձևության զոհը՝ փորձելով կրկնօրինակել որևէ մեկին», - զրույցի ընթացքում ասաց Էդգար Հայրապետյանը:  

Անդրադառնալով մերօրյա գեղեցկության չափանիշներին՝ պրն. Հայրապետյանը  ասաց. «Գեղեցկության չափանիշը  ինձ համար հարաբերական հասկացություն է: Յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է յուրովի: Մեկը ցանկանում է քթի էսթետիկ տեսքի փոփոխություն անել, մեկ ուրիշը նույն մեծ քթով իրեն շատ ներդաշնակ ու ինքնավստահ է զգում»:

«Ամեն ինչում համաչափությունն է գեղեցիկ»,- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Էրեբունի բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Էդգար Հայրապետյանը:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more