Հունիսի 13-ին Երևանում տեղի կունենա “Ազատ խոսքի մշակույթ” մեդիա հանդիպում-քննարկումը` Հայաստանում ներկայացնելով ավելի քան 60.000 անդամներ ունեցող European Youth Press-ի համաեվրոպական նախաձեռնությունը: 2015 թվականին մամուլի երիտասարդ փորձագետներ 15 երկրներից, ովքեր ընտրվել են որպես Եվրոպայի ազատ մամուլի դեսպաններ, կկազմակերպեն հասարակական լսումներ ու բանավեճ-քննարկումներ իրենց երկրներում` փորձելով մամուլի ազատության խնդրի շուրջ համախմբել տարբեր շահագրգիռ կողմերի:
Հայաստանում այս նախաձեռնության ներկայացուցիչը միջազգային մեդիափորձագետ Վրույր Թադևոսյանն է: Նա 2015 թվականին ընտրվել է որպես EYP Ազատ մամուլի դեսպան: Վրույր Թադևոսյանը միջազգային որակավորում ստացել է Եվրոպայում 2014 թվականին: Լրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ է:
՛՛Ազատ խոսքի մշակույթ՛՛ մեդիա-քննարկումը Վրույր Թադևոսյանի նախաձեռնությամբ կանցկացվի ազատ զրույցի ժանրում: Հայաստանում տարբեր ոլորտների փորձագետներ կհանդիպեն երիտասարդ լրագրողների հետ և կքննարկեն մամուլի ազատությանն ու ազատ խոսքի մշակույթին առնչվող խնդիրներ:
Այս երկար սպասված հանդիպումը տեղի կունենա “LOFT” ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում: “Ազատ խոսքի մշակույթ” մեդիա քննարկման հիմնական նպատակը երիտասարդ լրագրողների ու համապատասխան փորձագետների հանդիպումն է, համախմբումը մեկ խնդրի շուրջ, այն է` մամուլի ազատությունն ու խնդրիների լուծման համակարգային մոտեցումները: Այս միջոցառման ընթացքում ծաղրանկարիչները հնչած տեսակետներից կորսան գաղափարներ ու հենց տեղում դրանք կփոխակերպեն պատկերների՝ երգիծական մոտեցումներով ներկայացնելով իրավիճակը: Հանդիպման վերջում նրանք կմեկնաբանեն իրենց կատարած աշխատանքը: Հիմնվելով նրանց կատարած աշխատանքի վրա` նրանցից մեկն էլ կընտրվի որպես ծրագրի շրջանակում ծաղրանկարիչների միջազգային թիմի հետ աշխատող հայաստանյան ներկայացուցիչ: Բոլոր այս նախաձեռնությունների արդյունքները կարտացոլվեն հետագայում հրատարակվելիք երգիծական գրքում և համացանցային հարթակներում:
“Հայկական մեդիադաշտում՝ ազատ խոսքի ճգնաժամ է: Այսօր, երբ բոլորս այդքան մեծ հնարավորություններ ունենք խոսելու, երբ ժողովրդավարացման լուրջ գործընթացների ազդեցությունն ենք տեսնում, միևնույնն է՝ մենք չունենք ազատ մամուլ, մենք չունենք նյութը խորությամբ ուսումնասիրող ու վերլուծող լրատվամիջոցներ, որոնց կարելի է վստահել: Խոսքս միանշանակ բացարձակ չէ, բայց մեկ այլ ծայրահեղությունն այն է, որ լուրջ թվացող հետաքննությունների ու խորը ուսումնասիրությունների մեծ մասն էլ պատվիրված է՝ մրցակցային առավելություններ ապահովելու համար շահառու կողմին: Արդյունքում տուժում է մասնագետը, վերանում՝ լսարանը: Առևտրից պետք է անցնենք որակի, առուծախից՝ բովանդակություն ունեցող հրապարակումների”,- նշում է Հայաստանում Եվրոպայի ազատ մամուլի դեսպան Վրույր Թադևոսյանը: Նրա խոսքերով՝ այս քննարկումը նպատակ ունի միևնույն հարթությունում հանդիպել ոլորտի փորձագետներին, մարդկանց, ովքեր մտահոգ են ու կկարողանան որոշակի ուղղություն տալ, խորհուրդներով ու մասնագիտական ցուցումներով օգնել երիտասարդ լրագրողներին: ‘’Կփորձենք պարզել՝ մերօրյա մամուլի ազատությանը խոչընդոտող ՛՛սատանաներին՛՛:
Ի դեպ՝ մասնակցության համար շուտով կբացվի ֆեյբուքյան էջը: Տեղերը սահմանափակ կլինեն, բայց՝ ազատ մուտքով: Նախապես գրանցվելը պարտադիր է:
Այս նախաձեռնության մեկնարկը տրվեց European Youth Press-ի կողմից` Մոնտենեգրոյում` 2015 թվականի ապրիլին: Երիտասարդ մեդիափորձագետներ 15 երկրից, ովքեր նախապես ընտրվել էին որպես EYP մամուլի ազատության դեսպաններ, վերապատրաստվեցին Պոդգորիցայում` խորությամբ ուսումնասիրելով թեման ու խնդրի լուծման ճանապարհները: Նրանք ակտիվ մասնակցություն ունեցան նաև հետագա գործողությունների պլանավորման և երկարաժամկետ քաղաքականության մշակման գործում: Նրանք կաշխատեն երգիծական գրքի հրատարակման և համացանցային կրթական հարթակի ստեղծման համար, որը կաջակցի երիտասարդ լրագրողներին պաշտպանել և բարձրացնել մամուլի ազատության մակարդակը Եվրոպայում:
Եվրոպական մամուլի Ազատության դեսպաններ ընտրվել են հետևյալ երկրներից. Լեհաստան, Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա, Հունգարիա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Գերմանիա, Շվեդիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Չեխիայի, Հայաստան և Բոսնիա և Հերցեգովինա: Ազատ մամուլի 15 դեսպանները 15 ծաղրանկարիչների հետ (յուրաքանչյուր երկրից մեկական մասնակից) կհանդիպեն Բեռլինում, որտեղ կամփոփեն իրենց երկրներում իրականացրած մեդիա-միջոցառումների արդյունքները:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական խորհրդի կողմից: Բոլոր մասնակիցներն ընտրվել և հաստատվել են EYP-ի կողմից: