▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է Ալեն Սիմոնյանին հեռացնել կուսակցությունից

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։

24Նյուզ-ի տեղեկությունների համաձայն՝ այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ է ներկա եղել։

«Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց, թե որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև Փաշինյանին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին»,- փոխանցել է նիստին ներկա անձանցից մեկը, ով նախընտրել է անանուն մնալ։ Լրատվամիջոցը կապ է հաստատել Սարգսյանի հետ, վերջինս ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը:
Խնդրել է` բացահայտել աղբյուրը, թե ո՞վ է նման տեղեկատվություն տրամադրել: Ապա, երբ մանրամասներ են փոխանցվել թեմայից, ասել է, որ այս պահին աշխատանք է իրականացնում, առաջիկայում վարչության ընտրություններ են:

***

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարզաբանում է տարածել․

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։

Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։

Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։

ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more