▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի՝ այս տարածաշրջանում բնակվելու մասին հուզիչ պատասխան են ստացել

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Պավել Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոցենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին, որ ուսումնասիրվել են 101 հնագույն ԴՆԹ-ների նմուշներ Եվրասիայի տարբեր շրջաններից: Ուսումնասիրության մեջ առաջին անգամ տեղ են գտել Հայաստանի բրոնզ-երկաթի դարերի տարբեր հնավայրերում պեղված մարդկանց ԴՆԹ տվյալները: Ուսումնասիրված նյութերը վերաբերում են բրոնզե, երկաթե և միջին դարերին՝ մ.թ.ա  4-րդ հազարամյակի վերջից մինչև 2-րդ հազարամյակի վերջն ընկած ժանակահատվածին:

Ուսումնասիրության նպատակը բրոնզի դարում Եվրասիայի բնակչության գենետիկական նկարագրի վերհանումն է:

«Ստացել ենք դրական, հուզիչ պատասխան.ՀՀ տարածքում գտնվող բրոնզե դարի նյութերն ունեն այնպիսի գենետիկական պատկեր, որն այսօրվա հայ մարդու գենետիկ պատկերից  գրեթե չի տարբերվում, ինչը վկայում է, որ այս տարածքում անընդհատ ժողովուրդ է բնակվել, որը խորը արմատներ ունի»,-ասաց Լևոն Եպիսկոպոսյանը:

Շարունակելով վերջինի խոսքը՝ Պավել Ավետիսյանն ասաց.

«Կովկասում և Միջին Արևելքի տարածքից հավաքած ԴՆԹ տվյալներով այսօրվա  հայ մարդու և  Հայաստանի տարածքից հայտնաբերված մարդաբանական մնացորդների ցուցանիշներն ամենամոտն են իրար, այսինքն՝  սա ժառանգական շարունակականության մասին վկայող բացառիկ տվյալ է»:

Բանախոսները նշում են՝ ուսումնասիրվել են Հայաստանի տարածքում պեղված տվյալները, և ոչ Արևմտյան Հայաստանի, քանի որ դեռևս հնարավորություն չկա ներկայիս Թուրքիայի տարածքում ուսումնասիրություն կատարել:

Ընդհանուր առմամբ հետազոտության համար լաբորատոր անալիզի է ենթարկվել 101 հնագույն ԴՆԹ-ների նմուշ՝ բերված Եվրասիայի տարբեր շրջաններից.Իտալիա, Հունգարիա, Չեխիա, Էստոնիա, Դանիա, Գերմանիա, Լիտվա, Ղազախստան, Ռուսաստան, Շվեդիա և այլն: Ուսումնասիրության մեջ տեղ է գտել Հայաստանի տարբեր հնավայրերում պեղված մարդկան ԴՆԹ-ի 8 նմուշ:

Այս ամենը կտպագրվի Nature ամսագրում:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more