Armtimes.com-ը գրում է.
Ա (H1N1) վիրուսը կամ, որ նույնն է, «խոզի գրիպը» հանրապետությունում կարծես լրջորեն է մոլեգնում: Հունվարի 6-ի դրությամբ գրիպով եւ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 433 մարդ, որից 354-ը` 0-18 տարեկան։ Հիվանդներից 97-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։ Իրավիճակի առավել թարմ ու ամփոփ պատկերը կլինի ժամը 16-17-ից հետո, երբ առողջապահության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը կանցկացնի հերթական նիստը:
Մինչ այդ, ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը մեր զրույցում հաստատեց, որ «խոզի գրիպը», ի տարբերություն գրիպի մյուս տեսակների ու ենթատեսակների, ունենում է շատ ավելի բարդ ընթացք: Այնինչ, նախորդ տարվա վերջին, երբ Հայաստանում արդեն իսկ սկսել էին այդ վարակի դեպքեր գրանցվել, առողջապահության նախարարությունը փորձել էր կանխել հնարավոր խուճապի տարածումը եւ ընդգծել, որ դեռեւս 2010 թվականին գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին ու հետեւաբար սահմանափակող միջոցառումներ այլեւս չեն պահանջվում:
Ասոյանն այս տեսակետին համաձայն չէ: «Սա H1N1 վիրուսն է, որը բավական ծանր է ընթանում, եղել են մահվան դեպքեր, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ: Ի՞նչ ասել է սովորական գրիպ, ես այդ մտքի հետ համաձայն չեմ: Ինչպե՞ս կարող է սովորական լինել»,- ասաց գլխավոր վարակաբանը: Նրա ունեցած վերջին տեղեկությունների համաձայն, խոզագրիպի բարդությունների հետեւանքով մահացածների թիվը հասել է 4-ի: Արա Ասոյանը նշեց, որ դեռեւս շրջում է բուժհաստատություններում եւ իրավիճակի պատկերն անընդհատ փոփոխվում է:
Ա (H1N1) վիրուսի դեմ պայքարում ամենաարդյունավետ միջոցը համարվում է «Տամիֆլյուն»: Լայն հանրությանը այն հայտնի դարձավ դեռեւս 2009-ին, երբ «խոզի գրիպը» նոր էր ի հայտ եկել: Առողջապահության նախարարությունն էլ իր պաշտոնական կայքում օրերս հրապարակել է այն դեղատների անունները, որտեղից կարելի է «Տամիֆլյու» ձեռք բերել: Մեր հարցումները ցույց տվեցին, որ «Տամիֆլյուի» մեկ տուփի (10 հատ) միջին արժեքը 20 հազար դրամ է: Բայց կային դեղատներ, որտեղ դեղն արդեն սպառվել էր: Արա Ասոյանը նկատեց, որ ճիշտ կլինի հիվանդները նշված դեղորայքը ձեռք բերեն միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո` նրա նշանակմամբ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում