ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանն ասել է, որ քննարկել են ոստիկանությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, եղել են նաև սուր հարցեր: Թե որոնք են այդ սուր հարցերը, Արման Սարգսյանն ընդհանրական պատասխան տվել է՝ «բոլոր այն հարցերը, որոնք լրագրողներին հետաքրքրում են»: Իսկ լրագրողները նախևաառաջ ակնկալել են ստանալ ոստիկանապետի պաշտոնակատարի պատասխանն այն գնահատականին, թե ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են, անհիմն կասկածներով մարդիկ են բերման ենթարկվում և այլն: Սարգսյանն ասել է, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրել է իր գործառույթները. «Ոստիկանությունը, լինելով հետաքննող մարմին, իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձին և ստուգման արդյունքներով ազատ արձակել»:
Այս դիտարկմանը, թե օրեր առաջ Նարեկ Մալյանին և մյուսներին բերման ենթարկելու դեպքում գործ ունեն քաղաքական հետապնդման հետ, ոստիկանապետի պաշտոնակատարը հայտարարել է. «ՀՀ-ում քաղաքական հետապնդում որևէ մեկի հանդեպ չի իրականացվում: Եթե իրականացվեր, թե՛ խոսքի, թե՛ գործելակերպի այսպիսի ազատություն չէինք ունենա»: