▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80 տոկոսով

 

         Աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը,  ԱՀԿ-ն  և գործընկեր միջազգային կազմակերպությունները  փետրվարի 4-ը նշում են` որպես Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի  քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումները կրում են «Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագիրը: Օրվա խորհուրդն է` ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների հետ կապված  խնդիրներին, որոնք հանդիսանում են լրջագույն մարտահրավեր առողջապահական համակարգի համար:

         ԱՀԿ կանխատեսումներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 22 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն: Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում նույնպես քաղցկեղի կանխարգելման,  բուժման  և  շարունակական հսկողության իրականացումը  համարվում է առողջապահության առաջնահերթ խնդիրներից մեկը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմում է  ընդհանուր մահացության  80%-ը, ընդ որում մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները գտնվում են երկրորդ տեղում` կազմելով 20.6%:

Հայաստանի Հանրապետությունում վերջին տասը տարինեին չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80%-ով/1.8 անգամ (2749 դեպքով), իսկ մահացության ցուցանիշն աճել է 90%-ով/1.9 անգամ (2105 դեպքով):       ՀՀ–ում 2015 թվականին կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացություն  հաստատված ախտորոշումով հիվանդների թիվը կազմել է 8365, իսկ ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը` 38918: Բոլոր տիպի քաղցկեղների հայտնաբերման ցուցանիշների դիտարկումն, ըստ փուլերի, ակնհայտորեն մատնանշում է, որ  Հայաստանում քաղցկեղների վաղ հայտնաբերումը, այսինքն` հիվանդության I-II փուլերում, կազմում է 43%, իսկ դեպքերի 57%-ը հայտնաբերվում են III (19%) և IV փուլերում (38%): Ավելին, վերջին տարիներին բոլոր տեսակի քաղցկեղների վաղ հայտնաբերման ցուցանիշը չի բարելավվում և համակարգային խնդիր է:

Ուսումնասիրելով վերջին տարիների Հայաստանում չարորակ նորագոյացությունների  հիվանդացության, մահացության,  ապրելության, հաշմանդամության ցուցանիշների միտումները և ելներով ապացուցողական բժշկության տվյալներից, որի համաձայն քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների ազդեցությունները, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և  իրականացնում է մի շարք ծրագրեր: Մասնավորապես` շեշտը դրվում է  կանխարգելիչ միջոցառումերի իրականացման վրա: Երևանի և մարզերի   պոլիկլինիկաներում գործում են ուռուցքաբանության կաբինետներ, որտեղ աշխատում են ընդհանուր ուռուցքաբաններ, ովքեր գրանցում, ուղեգրում և հսկում են քաղցկեղով հիվանդներին:

Այդ համատեքստում 2015 թվականից մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինինգային ծրագիրը,   սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունների ծրագիրը` նպատակ ունենալով հնարավորինս վաղ հայտնաբերել, կանխարգելել և վերահսկել ոչ վարակիչ մի շարք հիվանդությունները, այդ թվում` արգանդի պարանոցի, վահանաձև գեղձի, կրծքագեղձի,  շականակագեղձի  քաղցկեղը:

Առողջապահական համակարգում գործում են երկու մասնագիտացված կենտրոն` Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈՒԱԿ) և Գյումրու հակաուռուցքային դիսպանսերը: Նշենք, որ ուռուցքաբանական ծառայությունների աշխարագրությունը վերջին տարիներին ընդլայնվել է և այսօր այն իրականացվում է նաև Երևանի պետական և մասնավոր որոշ հիվանդանոցների կողմից: Մոտ ապագայում Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում ակնկալվում է բեկումնային առաջընթաց` շահագործման կհանձնվի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքում տեղակայված Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը: Այն մասնագիտական նոր որակ է ենթադրում`  հատկապես ախտորոշման և ռադիոթերապիայի ասպարեզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more