Armtimes.com-ը գրում է. Հայաստանում օդի ջերմաստիճանն այսօրվանից կրկին կսկսի նվազել. զուգահեռաբար տեղումներ կսկսվեն եւ ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված որոշ շրջաններում տեղումները կդիտվեն նույնիսկ ձյան տեսքով:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերերութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանիմեկնաբանությամբ օդի ջերմաստիճանի այսպիսի փոփոխության պատճառը Հանրապետության տարածքին Միջերկրական ծովի շրջաններից մոտեցող հզոր ցիկլոնային դաշտն է:
«Կեսօրից հետո շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ, որոնց ինտենսիվությունը մինչեւ երեկո աստիճանաբար կմեծանա: Հատկապես շատ ուժեղ տեղումներ կլինեն այսօր գիշերը եւ վաղը առավոտյան ժամերին: Հանրապետության առանձին հատվածներում կթափվի ամսական նորմայի չափ անձրեւ եւ ձյուն: Ընդ որում, լեռնային մարզերում, մասնավորապես Շիրակում, Կոտայքի եւ Արագածոտնի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում տեղումները հիմնականում կլինեն ձյան տեսքով: Սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց օդերեւութաբանը:
Ինչ վերաբերում է նախալեռնային եւ հովտային բնակավայրերին. ըստ Գագիկ Սուրենյանի, այդ վայրերում սպասվում են հորդառատ անձրեւներ եւ ամպրոպ: Եվ, քանի որ գիշերը հանրապետություն են ներխուժելու արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, ապա, մասնագետի փոխանցմամբ, վաղը ցերեկը Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Մասնավորապես Երեւանում ցերեկը ջերմաստիճանը կլինի +10…+12 աստիճանի սահմաններում: Շիրակում էլ, օրինակ վաղը ցերեկը սպասվում է +4...+9 աստիճան տաքություն:
Գիշերը Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արագածոտնի լեռներում, Վայոց Ձորի լեռներում բացասական ջերմաստիճաններ են սպասվում: Մինչեւ ապրիլի 1-ը գնալով այդ բացասական ջերմաստիճանը կմեծանա: Ապրիլի 1-ին, օրինակ, Շիրակում գիշերը սպասվում է -4+1 աստիճան, Կոտայքում, Արագածոտնի լեռներում, Վայոց Ձորի լեռներում՝ նույնքան:
Արարատի, Սյունիքի, Արմավիրի, Տավուշի մարզերում, որտեղ ծառերը ծաղկել են՝ ջերմաստիճանը չի հասնի բացասականի: Ավելին, ի պատասխան մեր հարցի՝ արդյո՞ք արկտիկական հոսանքներով պայմանավորված ցրտահարության վտանգը նորից ռեալ է դառնում՝ Գագիկ Սուրենյանն ասաց. «Ոչ: Ցրտահարության վտանգ չկա»:
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալից տեղեկացանք նաեւ, որ Հայաստան ներթափանցող ցիկլոնը աստիճանաբար իր ուժը կկորցնի մարտի 29-ի կեսօրից հետո, ինչի հետեւանքով կթուլանա նաեւ տեղումների ինտենսիվությունը:
Մարտի 30-31-ին հանրապետությունում փոփոխական ամպամածությունը կպահպանվի, հատկապես կեսօրից հետո առանձին շրջաններում կլինեն նաեւ կարճատեւ անձրեւներ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում