Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների Համագործակցությունը,
- արտահայտելով Համագործակցության մաս կազմող եկեղեցիների միասնական կամքը,
- առաջնորդվելով ավետարանական համոզմունքներով, ազգային զգացումներով և հավաքական հիշողությամբ,
- մարդկային կյանքերի և ազգերի` որպես Աստծո ստեղծագործությունների, նկատմամբ եղեռնագործական ոտնձգությունները համարելով Աստծո և մարդկության դեմ ուղղված ծանրագույն ոճիր,
- կարևորելով պատմական արդարության վերականգնումը, ոճիրների կախնարգելմանը միտված ջանքերը ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտող միջազգային հիմնարար իրավական փաստաթղթերը.
- Կոչ է անում միջազգային հանրությանը, ազգերին, պետություններին, իրավասու կառույցներին և անհատներին` հարգել Հայոց Ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը, նպաստել 20-րդ դարի առաջին եղեռնագործության միջազգային ճանաչմանը` վեր դասելով համամարդկային արժեքներն ու պատմական արդարության վերականգնումը տարաբնույթ շահերից:
- Դատապարտում է Ցեղասպանության ուրացման և ժխտողականության քաղաքականության բոլոր ձևերը` հորդորելով թուրք հասարակությանն ու պետությանը` առերեսվելու սեփական պատմությանը, ճանաչելու կատարվածը որպես ցեղասպանություն և զղջալու յուր նախնիների իրագործած սոսկալի ոճիրի համար` այդպիսով նախադրյալ ստեղծելով երկու ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացի համար.
- Վերահաստատում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ըստ ամենայնի հետամուտ լինելու և դրան ուղղված ջանքերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը, քանի որ ճանաչելով Ցեղասպանությունը` ազգերն ու պետությունները յուրատեսակ հանձնառություն են ստանձնում` ապագայում զերծ մնալու մարդկության դեմ ուղղված նմանատիպ սոսկալի հանցանքների վտանգներից:
- Երախտագիտություն է հայտնում բոլոր այն նվիրյալ և անձնազոհ անձանց և կառույցներին, որոնք հայ ժողովրդին պատուհասած սոսկալի տառապանքների ժամանակ օգնության ձեռք մեկնեցին անպաշտպան որբերին և կանանց` իրականացնելով բացառիկ մարդասիրական աշխատանք, ինչպես նաև`այն երկրներին, որոնք ապաստան տվեցին Արևմտյան Հայաստանից տեղահանված հայ գաղթականներին` նրանց համար ապահովելով ազգային, մշակութային և հոգևոր ինքնությունը պահպանելու բարենպաստ միջավայր, նաև` այն պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը` իրենց համերաշխությունը ցուցաբերելով հայ ժողովրդին:
- Հորդորում է քրիստոնյա աշխարհին աղոթք բարձրացնել առ Աստված` աշխարհի թեժ կետերում այսօր էլ շարունակվող եղեռնագործական սպանությունների կանխարգելման համար:
Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների Համագործակցության անունից`
Յուր ազգի և պետության բարօրության համար աղոթքով`
Հայաստանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս, վեր., դոկտոր
Ռուբիկ Թումանյան
Երևանի Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ, վեր., դոկտոր
Լևոն Պարտագճյան
Հայաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ, վեր., դոկտոր
Արթուր Սիմոնյան
Հայաստանի Ավետարանական հավատքի եկեղեցիների միության նախագահ, վեր., դոկտոր
Ռաֆայել Գրիգորյան
Շիրակի մարզի ավետարանական-մկրտական եկեղեցու ավագ հովիվ, վեր. Ռուբիկ Փահլևանյան