▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը շարունակում է մնալ շերեփուկ, որի անհամաչափ մեծ գլուխը Երևանն է, իսկ փոքրիկ մասը միայն՝ մարզերը. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է 2020թ. պետբյուջեի նախագծին:

Նա, մասնավորապես, գրել է.

«ՀՀ 2020թ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա եւ այն շարունակում է նախկին կառավարման տարիների իներցիան։

Մեր կողմից բազմիցս բարձրաձայնված տարածքային համաչափ զարգացման խնդիրն այս բյուջեով այդպես էլ մնում է չլուծված, ինչպես որ արմատական վերափոխման չի ենթարկվում այս ոլորտում կառավարության քաղաքականությունը։

Դրա հետեւանքով Հայաստանը շարունակում է մնալ մայրաքաղաք-պետություն կամ շերեփուկ, որի անհամաչափ մեծ գլուխը Երեւանն է, իսկ փոքրիկ մասը միայն՝ մարզերը։ Դրանք շարունակում են մնալ մոռացված, ամեն բանը դեռեւս կենտրոնացած է մայրաքաղաքում, այդպիսով՝ էական դրական փոփոխություններ մարզային համայնքներում տեղի չեն ունենում։ Այդտեղից աշխատանքի, որակյալ կրթության, առողջապահական եւ այլ նպատակներով՝ բնակիչները տեղափոխվում են Երեւան կամ առհասարակ արտագաղթում են։

Մարզային դպրոցների, պոլիկլինիկաների եւ այլ հաստատությունների խիստ թերի ֆինանսավորումը՝ մայրաքաղաքի համեմատ, բերելու է այս իրավիճակի միայն խորացման, ինչի դեմն առնելու ժամանակը որքան երկարաձգենք, այնքան ավելի բարդ է լինելու լուծումը։

Քանի դեռ կյանքի որակը մարզերում իջնում է, մայրաքաղաքն էլ շարունակաբար գերբեռնվում է, եւ այս հանգամանքներից յուրաքանչյուրն իր հետ բերում է համապատասխան բացասական հետեւանքները։

«Լուսավոր Հայաստան»-ի թվով 151 առաջարկությունների ընդունման արդյունքում կից ներկայացված ՀՀ համայնքներին եւ Երեւան քաղաքին տրամադրվող դոտացիաների սարսափելի անարդար անհամաչափ բաշխումը կարող է վերափոխվել:

Կոչ եմ անում կառավարությանը արմատապես վերանայել այս ոլորտի քաղաքականությունը, քանի դեռ չափազանց ուշ չէ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more