Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-4-ը այցելեց Թուրքիա, մասնակցեց Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին, «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը: Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ պաշտպանական ոլորտում 2 երկրների միջև կնքված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) պայմանագրից բացի այլ պայմանագրեր ևս կարող են կնքվել:
«Ռուս-թուրքական հարաբերությունները աննախադեպ ջերմացման փուլ են մտնում և դա ինչ-որ առումով կանխատեսելի էր, եթե հաշվի առնենք այս երկու երկրների միջազգային մեկուսացումը: Իսկ Հայաստանն այս առումով մտահոգվելու լուրջ հիմքեր ունի: Մերձավոր և միակ ռազմական գործընկերը դառնում է թշնամուդ դաշնակիցը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ հավելելով.
«Հայաստանն ամեն ինչի վրա խաչ քաշած անլուրջ կերպով առաջ է գնում, այնինչ պետք է գտնի նոր, որակյալ, վստահելի դաշնակիցներ: Չինաստանը լուրջ հետաքրքրություններ ունի այս տարածաշրջանում: Անտեսված է Եթովպիան, որը Հայաստանում շատերի մոտ ծիծաղ է առաջացնում, այն դեպքում, երբ Աֆրիկայի տնտեսապես առաջատար երկրներից է: Այն ցույց է տվել, որ իր սահմաններից դուրս էլ է իրականացնում ռազմական օպերացիաներ, չի սահմանափակվում իր շահերով և հետաքրքրություններով: Կապեր պետք է հաստատել նաև Հնդկաստանի հետ»:
Քաղաքագետը նկատում է՝ Թուրքիան ակնհայտորեն հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում:
«Ես գրեթե կասկած չունեմ, որ եթե հանկարծ բախում լինի, ապա առաջիկա բախմանը Թուրքիան ուղղակիորեն մասնակցելու է: Իհարկե, Թուրքիայի ռազմական մասնակցությունը չի լինելու բացահայտ՝ թուրքական համազգեստներով, բայց թուրքական ստորաբաժանումները մասնակցելու են, ինչը լուրջ խնդիր է մեզ համար: Բացառված չէ, որ S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը տրմադրվեն Ադրբեջանին: Հետևաբար, իմ համոզմամբ, Հայաստանը պետք է փոխի հարաբերությունների ձևաչափը Ռուսասատանի հետ, հստակ հասկացնի, որ ՌԴ-Թուրքիա հարաբերություններում չի կարող դառնալ սակարկության առարկա: Մեկ բան պարզ է.եթե դու չես պաշտպանում քո շահերը, գործընկերներդ էլ պարտավոր չեն և, եթե Հայաստանը շարունակի մնալ նիրհած վիճակում, բացառված չէ, որ բարեկամ երկրները փորձեն իրենց շահերի տեսանկյունից խնդիրներ լուծել»,-նշեց Հայկ Մարտիրոսյանը:
Անի Կարապետյան