Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուն (Alemayehu Tegenu, նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա իր մասնագիտական փորձն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի և Եթովպիայի միջև կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Նախագահի խոսքով՝ Եթովպիան աֆրիկյան մայրցամաքում այն երկրներից է, որի հետ Հայաստանը դարերի խորքից եկող բարեկամություն ունի, երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ, փոխադարձ հարգանք, ընդհանուր պատմություն և քաղաքակրթություն, ինչը լավ հիմք է միջպետական հարաբերությունների զարգացման համար:
Նախագահ Սարգսյանը ոգեշնչող է համարել հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Եթովպիայի գործադրած վճռական ջանքերը, որի համար վարչապետ Աբիյ Ահմեդին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի: «Սա ցույց է տալիս, թե ինչպես երբեմն ոչ ստանդարտ մոտեցումները կարող են ավելի արդյունավետ լինել, քան ավանդական լուծումները»,- ընդգծել է նախագահը:
Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ: Նրանք համակարծիք են եղել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տուրիզմի, կրթության, մշակույթի ոլորտներում երկու երկրները փոխգործակցության հսկայական ներուժ ունեն: «Ժամանակն է, որ դա լիովին իրացվի, և ստորագրված փաստաթղթերը վերածվեն գործնական քայլերի»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Նշենք, որ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է նաև «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնման և համագործակցության նոր ուղղություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին: Ներկայացնելով մեր երկրի գիտական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնության ուղղությունները՝ նախագահը նշել է, որ դրա շրջանակում համագործակցություն է նախատեսվում միջազգային տեխնոլոգիական խոշոր կորպորացիաների ու ընկերությունների հետ, և «Փրայսուոթերհաուս Կուպերս»-ը նույնպես կարող է գործընկեր լինել:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև նախագահական այլ նախաձեռնությունների շրջանակում համագործակցության հեռանկարներին:
«ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ն աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 158 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում: