Ստամբուլում ավարտվեց Մարիցա Քյուչյուքի սպանության գործով դատավարությունը: Սպանության գործով միակ մեղադրյալը՝ հայաստանցի Մուրադ Նազարյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Ինչպես «Արևելքը» տեղեկացավ Պոլսից, այս որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել Պոլսո հայերի մի մասի մոտ, քանի որ շատերը ավելի քան վստահ են, որ Նազարյանն օգտագործվել է, իսկ իսկական մեղավորները ազատության մեջ են: Դատավարության ընթացքում Մուրադ Նազարյանը իրեն մեղավոր չի ճանաչել:
Ի դեպ՝ Նազարյանի բանտում գտնվելու ընթացքում նրա փաստաբանը բազմիցս ահազանգել էր, թե իր պաշտպանյալը ոտնձգությունների է ենթարկվում թե՛ բանտի աշխատակիցների , թե՛ կալանավորների կողմից, սակայն ահազանգերից ոչ մեկը համարժեք պատասխան չի ստացել: Դատավարության ընթացքին հետևող տեղի հայ համայնքի ամենամեծ դժգոհություններից մեկն էլ այն է, որ հանցագործության վայրում բավարար մանրամասն ուսումնասիրություն չի կատարվել, դատաքնչական մարմինների աշխատանքը նրանք որակել են թերի, իսկ դատարանի որոշումը՝ անարդար ու կողմնակալ:
Դատապաշտպանը իր բողոքն է արտահայտել նաև միակ վկա Ազիզ Բուդակի չներկայանալու առթիվ, սակայն դատարանն առանց նրանց հարցաքննելու ի վերջո հրապարակեց դատավճիռը:
Հիշեցնենք, որ 2012 թ.-ի դեկտեմբերի 28-ին, Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնող իր տան մեջ հարձակման ենթարկված 85-ամյա հայ կնոջ մարմինը հայտնաբերել էին խոշտանգված վիճակում՝ 7 տեղից դանակահարված և կոկորդը կտրված: Ավելին՝ ընտանիքի անդամների աչքից չէր վրիպել նաև խաչաձև արված կտրվածքը մահացածի մարմնի վրա:
Մինչ այդ՝ 2012թ.-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում նույն թաղամասում ևս երեք հարձակում էր տեղի ունեցել տարեց հայ կանանց վրա, որոնց հետևանքով զոհերը տարբեր մարմնական վնասվածքներ էին ստացել: