168.am-ը գրում է.
«Փոխանակ փոխեք սահմանի դրությունը, բռնել, փոխում եք Սահմանադրությունը։ Հայաստա՛ն աշխարհ, ուշքի արի՛, զինվորներդ տուն չեն գալիս»: Սրանք Արցախում ապրիլին ռազմական գործողությունների ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Բագրատ Ալեքսանյանի խոսքերն են, որոնց նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր դեռևս 2015թ. դեկտեմբերի 31-ին։ Բագրատը բանաստեղծություններ, պատմվածքներ էր գրում։
«Հենց նոր փամփուշտը
կողքովս անցավ,
Այն ինձ էր ուղղված, կյանքս խլելու,
Բայց մորս սերը այնքան է հզոր,
Որ փամփուշտը կարծես թե գիտեր
Մայրական սիրո անհագ
կարոտի մասին,
Ու ես լավ գիտեմ, որ տուն եմ
դեռ գալու,
Մորս գրկելու ու ջերմ ամբուրելու,
Միայն թե, տե՛ր իմ, մի բան եմ
խնդրում,
Հանկարծ չթողնես, որ մորս
աչքերից արցունքներ հոսեն,
Ու թող որ շուտ գա այն ցանկալի օրը,
Որ ես կբռնեմ տունդարձի ճամփան»։
Սա Բագրատի հեղինակած բանաստեղծություններից մեկն է. գրել է դիրքերում, վերջում ավելացրել տարեթիվը, ամսաթիվն ու ժամը՝ 23։07, 14.02.15թ.։ Բագրատի կրտսեր եղբայրը՝ Սամվելը, ևս ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ծառայելիս է եղել բանակում։ Ինչպես Բագրատը, նա էլ՝ Ջեբրաիլում է ծառայել։ Միայն վերջերս են ծնողներն իմացել, որ այդ օրերին կրտսեր որդին հրաշքով է փրկվել։
«Միայն մի բան էր ասում՝ շատ եմ կարոտելգ Այդպես կարոտը սրտում էլ գնաց»
Բագրատի մայրը՝ Նարինե Ասրյանը, պատմում է, որ ընտանիքով որոշ ժամանակ Մոսկվայում են ապրել.
«Ամեն ինչ շատ լավ էր։ Իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին, որովհետև մենք ամբողջ ընտանիքով միասին էինք։ Երբ Բագրատի ծառայելու ժամանակը եկավ, ասաց՝ պետք է գնամ, ծառայեմ։ Այնքան էինք խնդրում, ասում՝ մի՛ գնա, ամեն հնարավորություն ունես, կարող ես չծառայել։ Ասաց՝ մա՛մ, ամոթ չէ՞, այլևս նման բան չասես, երկու տարի չէ՞, եթե ես չծառայեմ, ո՞վ ծառայի։ 2013թ. Մոսկվայից եկավ։ Ճարպակալում ուներ, հետազոտել էին, 1 տարով հետաձգել։ Ետ եկավ Մոսկվա։ Երբ 1 տարին անցավ, նորից խնդրում էի, որ չգնա։ Բագրատն ասում էր՝ մա՛մ, ցավդ տանեմ, շատ մի՛ նեղվիր, ես կծառայեմ, բայց Սամվելը չի ծառայի, խոսքերս լո՛ւրջ ընդունիր։ Ձեռքով իրեն ցույց տվեց, ասաց՝ էս տղեն պիտի ազատի Սամվելին։
Այդ պահին ասացինք, խոսեցինք, բայց հիմա, երբ մտածում եմ, իրոք, ինքն իր արյան գնով իր եղբորն ազատել է։ Զարմանում եմ՝ ինքն ապագա՞ն էր տեսնում, թե՞ այլ բան կար։ Շատ բաներ կան, որ ինքն ասել է, ու դրանք կատարվել են։ 2014թ. եկավ, զինկոմիսարիատում ասել էին՝ 1 ամիս սպասի՛ր։ Եկել էր տուն, սկայպը միացրել, ասում էր՝ չէ՛, այդպես չի լինի, ես վաղը գնալու եմ, ասեմ՝ տանում եք, տարեք, եթե ոչ՝ ես իմ հոժար կամքով գնում եմ բանակ։ Այո՛, ստիպեց, որ բանակ տանեն։ Շատ էր ուզում ծառայել, ասում էր՝ ես պիտի հայրենիքի պարտքը տամ։ Հայրենասեր էր, սիրում էր ընտանիքը, ընկերներին, սիրած աղջիկ ուներ։ Բոլորին շատ էր սիրում, բայց հայրենիքը բոլորից վեր դասեց»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում