▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովուրդը վաստակել է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը իրենը համարելու պատիվը

Հայրենական մեծ պատերազմի զինվորի թոռ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ հայ ժողովուրդը վաստակել է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը իրենը համարելու պատիվը:

«Դա մեր հաղթանակն է, մեր ժողովրդի հաղթանակն է: 314 հազար զոհ ենք տվել, 106 հերոս, 5 մարշալ, հարյուրից ավելի գեներալ: Շուշին էլ ազատագրեցին այն տղաները, ում հայրերը ազատագրել էին Բեռլինն ու Եվրոպան ֆաշիզմից:

Պայքարը չի ավարտվում, այսօր էլ փոքրիկ հիտլերիկների դեմ ենք պայքարում` ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների», հաղորդմամբ` մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Երևանում առաջին անգամ անցկացվող «Անմահ գունդ «հասարակական ակցիային էլ ԱԺ փոխխոսնակի ընտանիքը կմասնակցեր մեծ սիրով, եթե նախապես տեղեկացած լիներ: «Ամեն լավ բան միշտ էլ սկսվում է առաջին քայլից, այս միջոցառման անցկացումը պետք է դրական գնահատել: Որ շուտ իմանայի, իմ ընտանքն էլ կմասնակցեր, որովհետև իմ պապիկն էլ է մասնակցել Ստալինգրադի ճակատամարտին: Ես ինքս Հայրենական մեծ պատերազﬕ զինվորի թոռ եմ»,- հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, որ «Հայաստանը մշտապես հորդորում է Ռուսաստանին զենք չվաճառել Ադրբեջանին, սակայն առաջընթաց չկա այդ հարցում, արդյոք, Հայաստանը Ռուսաստանին սթափեցնելու համար կփորձի զենքի այլ մատակարար գտնել»`Էդուարդ Շարմազանովը նշեց. «Այն պայմաններով, որ Ռուսաստանն է մեզ զենք մատակարարել, որևէ պետություն չի արել: Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, պետք է էլ ավելի զարգացնել դրանք: Այստեղ պետք չէ պրոբլեմներ փնտրել, նրանք իրենց շահերն ունեն, մենք մեր շահերը»:

Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Այս օրը հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more