Blognews.am-ը գրում է, որ պլաստիկ վիրահատությունների թեմայով զրուցել է ոլորտի առաջատար բժիշկներից մեկի հետ, որի անունը հայտնի նկատառումենրից ելնելով չի հրապարակի:
-3-րդ անգամ է քիթը վիրահատում, հիմա էլ քթի ծայրը չի հավանում, ու որպեսզի իր ուզած սրությունը ստանանք՝ դիմել ենք քթի ծայրի իմպլանտավորման՝ արհեստական կռճիկ ենք տեղադրել,- նախքան հարցազրույցին անցնելը կիսվում է բժիշկը՝ դեսկթոփի վրա փակելով հանրահայտ աստղերից մեկի լուսանկարներով թղթապանակը:
-Ինչպե՞ս եք վերաբերում նման պացիենտներին.
-Որպես բժիշկ՝ ըմբռնումով: Մարդը օգնության կարիք ունի, ու ինքնահաաստատվելու համար նրան պետք է, որ իր քիթը ունենա հենց այն տեսքը, որը նա է ուզում: Սակայն չեմ կարող չնշել, որ սա ադեկվատ մարդու պահվածք չէ:
-Այսի՞նքն պլաստիկ վիրաբուժությունը լուծում է ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական խնդիրներ.
-Եթե խոսքը պլաստիկ-վերականգնողական վիրաբուժության մասին է, ապա խնդիրը մարդուն բնականոն կյանք վերադարձնելն է: Տեսեք, մարդկությանը հայտնի առաջին պլաստիկ վիրահատությունները արվել են մարդկային ի ծնե կամ ձեռքբերովի արատները շտկելու նպատակով: Այսինքն՝ ի սկզբանե պլաստիկ վիրաբուժությունը կոչված է եղել ոչ թե գեղեցկացնել, կատարյալ դարձնել մարդուն, այլ շտկել ու վերացնել արտաքին այլանդակություններն ու աղավաղված դիմագծերը: Այլ բան է, եթե մենք խոսում ենքէսթետիկ-վիրահատական միջամտությունների մասին, որոնց քանակը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է վերականգնողական պլաստիկայի դեպքերին:
-Իսկ տարիքային ո՞ր խումբն է առավել հաճախ դիմում այս միջամտություններին.
-Հայստանում, ինչպես և ամբողջ աշխարհում մի գլոբալ խնդիր է դիտարկվում՝ էսթետիկ նկատառումներով կատարվող պլաստիկ վիրահատությունները երիտասարդացել են, ու եթե նախկինում նման միջամտությունների տարիքային հիմնական խումբը 25-35 էր, ապա այժմ այդ տարիքային խմբի մեկնարկը 16-ն է: Ամենապահանջվածը, բնականաբար, քթի պլաստիկան է, հետո շուրթերի մեծացումը, վերջերս էլ լիպոսակցիայի համար մի 16 ամյա աղջիկ դիմեց, որի ցանկությունը բնականաբար մերժվեց:
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս ամենի պատճառը.
-Պատճառը միանշանակ գովազդն է, քարոզը. խոսքը սոցցանցերի աստղերի, ամսագրերի շապիկների, տեսահոլովակների ու սերիալների մեջ հայտնվող այն դեմքերի մասին է, որոնք ակամայից այսօր դարձել են գեղեցկության չափանիշներ թելադրողներ: Բոլորն ունեն նույն դեմքի արտահայտությունը, նույն քիթն ու նույն շուրթերը: Հասուն ու գիտակից մարդկանց համար սա իսկապես զավեշտալի է, իսկ ահա այդ խոցելի տարիքում գտնվող անչափահասի համար սա դառնում է կպչուն միտք, նպատակ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում