▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաշմանդամություն ունեցող փոքրիկին դպրոց չընդունած տնօրենը ՀՀԿ-ական պատգամավորի դուստրն է

Երկու օր առաջ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների հարցերով զբաղվող «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի նախագահ Նարինե Մանուկյանը հայտարարեց, որ իրենց կազմակերպության անդամ Արեգի մայրը երեխային տարել է 125 դպրոց, որն ունի նաև ներառական կրթության ծրագիր: Սակայն տնօրենը ծնողին հորդորել է երեխային տանել հատուկ դպրոց` նշելով, որ չնայած դպրոցը ներառական է, սակայն նման երեխաների հետ աշխատող մասնագետներ իրենք չունեն:

Նարինե Մանուկյանը նաև հայտնել էր, որ դպրոցում երեխան հանդիպել է գռեհիկ ու տգետ «ներառական մասնագետների», ովքեր, որպես կանոն, կոչված են ապահովել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը:

Asekose.am-ի թղթակիցը կապ էր հաստատել նաև 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանի հետ` այս ամենի վերաբերյալ նրա տեսակետն իմանալու նպատակով:

Մեզ հետ զրույցում վերջինս նշել էր, որ իրենք բավականին սիրալից և հարգալից են եղել հաշմանդամություն ունեցող փոքրիկի և նրա ծնողի հանդեպ, իրենց դպրոցի դռներն էլ բաց են բոլոր երեխաների առաջ: Լիլիթ Անտոնյանի խոսքով` ինքը խորհուրդ չի տվել երեխային հատուկ դպրոց տանել, որովհետև իր ղեկավարած դպրոցի ներառական մասնագետները բազմապրոֆիլ են և կարող են զբաղվել առանձնահատուկ վերաբերմունք ունեցող ցանկացած երեխայի հետ և այլն:

Հատկանշականն այն է, որ Disabilityinfo.am-ի հետ զրույցում տնօրենը հակասել է իրեն` նշելով, որ իրենք նման երեխաների հետ աշխատելու փորձառություն չունեն: Նա նաև հայտնել է, որ փոքրիկը այնպիսի երեխա չէր, որ կնստեր ու կներառվեր: Ինչ վերաբերվում է երեխային հատուկ դպրոց առաջնորդելուն, տնօրենը հաստատել է, որ ծնողին ասել է, թե  կարող է զանգահարի, երեխային տանեն այնտեղ, սակայն ծնողը մերժել է:

Այն դեպքում, որ  նույն տնօրենը մեզ հետ զրույցում  հակառակն էր ասել` պնդելով, որ ինքը նման առաջարկ չի արել:

Լուսանկարը՝ Լիլիթ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Հավելենք նաև, որ միջադեպի առնչությամբ մենք դիմել ենք նաև Կրթության և գիտության նախարարություն, որտեղից մեզ հայտնել են թե ուսումնասիրում են բոլոր կողմերի տեղեկությունները, սակայն արդեն երրորդ օրն է, գերատեսչությունից որևէ արձագանք չկալ:Թերևս դա զարմանալի չէ: Պարզվում է, որ վերոնշյալ դպրոցի տնօրենը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրն է: 

Վերջում արժե հիշեցնել, որ հաշմանդամություն ձեռքբերելուց և/կամ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող դառնալուց ապահովագրված չէ մեզանից ոչ ոք:

Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more