▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակ մարդ եմ, ով կատարում է հատուկ աշխատանք. Դիանա Սիթ

Երեկ  «Arev Art Gallery» պատկերասրահը հյուրընկալել  էր ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող տարբեր կրթական փոխանակային ծրագրերի շրջանավարտներին և ոչ միայն:  Ընդունելության մեկնարկը տրվել էր Արև Պետրոսյանի կողմից, ով նույնպես փոխանակման ծրագրերի շրջանավարտ է:  Նշենք, որ միջոցառման հյուրերը հավաքվել էին ԱՄՆ դեսպանատան մշակութային նոր կցորդ Դիանա Սիթին ողջունելու նպատակով: Վերջինիս ընդունելության ժամանակ ներկայացրել էր Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը:  

«Այսպիսի հավաք, երբ հրավիրված են մշակութային ծրագրերի մասնակիցները, շրջանավարտները, առաջին անգամ ենք կազմակերպում:  Երբ նայում եմ հյուրերի ցանկը` թանգարանների տնօրեններ, նկարիչներ, արվեստի ոլորտի այլ ներկայացուցիչներ, ինձ համար մեծ հպարտություն է, որ այս մարդիկ մեր մշակութային ծրագրերի մասնակիցը լինելու առիթ են ունեցել: Այս հարաբերություններում կարևորվում է այն, որ  լինելով հայեր` դուք միաժամանակ մեր դեսպաններն եք,  որովհետև  շատ լավ պատկերացնում եք ամերիկյան մշակույթը, ինչը կարող է ավելի լավ և օգտակար լինել մեր հարաբերությունների համար»,-նշեց փոխդեսպանը, ապա խոսքը տրամադրեց Դիանա Սիթին:

Մշակութային նոր կցորդը ներկա հյուրերին հայերենով ողջունեց և շնորհակալություն հայտնեց` ասելով, որ իր  ինքը հասարակ մարդ է, սակայն կատարում է հատուկ աշխատանք, քանի որ օգնում է մարդկանց մտերմանալ մշակութային ոլորտում:

«Հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում մշակութային ծրագրերը և կրթական փոխանակումները կարևոր են, քանի որ անկախ նրանից, թե ինչ լեզվով ենք խոսում, մենք կարող ենք շփվել արվեստի միջոցով»,-նշեց Դիանա Սիթը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more