▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգանքի տուրք՝ Զորավար Անդրանիկի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 151-րդ տարեդարձի առիթով քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու բազմաթիվ երևանցիների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին և Անհայտ զինվորի հուշաքարին:
  Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը նկատել է, որ Զորավարի ծննդյան օրը Երևանի քաղաքապետարանի և միության ամենամյա Եռաբլուր այս այցելությունն ուղղակի պարտականություն չէ, այլ մեծ խորհուրդ ունի իր մեջ: Կամո Արեյանը նաև հավելել է, որ Անդրանիկ Օզանյանն իր էությամբ ներկա ու գալիք սերունդներին հրամայաբար, իրեն վայել հրամանով մեկ բան է պարտադրում՝ պատասխանատվություն հայրենիքի հանդեպ: 
  «Ամենամեծ խորհուրդն այն է, որ Զորավարն այստեղ նորօրյա ժամանակների իր փափագած սերնդի կողքին է ամփոփված, այն սերնդի, որն անդրանիկաբար պայքարեց ու վերանվաճեց հաղթանակած հայ լինելու մեծագույն պատիվը: Անդրանիկ Զորավարի հավատամքը հայրենիքի հանդեպ պատասխանատվությունն էր, ինչը մշտապես փոխանցում էր բոլորին: Անդրանիկը մեր ժողովրդի այն հազվագյուտ զավակներից մեկն է, ում ժողովուրդը դեռ կենդանության օրոք կոչեց հերոս: Ու դա թերևս ամենամեծ խորհուրդն ու պատգամն է, թե ինչպիսին պետք է լինել: Մի խոսքով, յուրաքանչյուր հայի նվիրական պարտքը պետք է լինի անդրանիկաբար ապրելն ու գործելը, ինչն իր հերթին մեր երկրի ու ազգի հարատևման ամենամեծ գրավականն է», - նշել է Կամո Արեյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more