Հարց հոգեբանին. Եթե տղան կոպիտ բնավորություն ունի, սիրային բառեր չի օգտագործում (դիմում է աղջի-ով), հազվադեպ է ասում, որ սիրում է, կարո՞ղ է դա ասել այն բանի մասին, որ նա չի սիրում:
Եթե ձեր համար տհաճ է դա, ապա ի՞նչ նշանակություն ունի սիրում է, թե չէ: Տարբեր մարդիկ շատ տարբեր ձև են արտահայտում իրենց սերը: Եթե մի պահ պատկերացնենք, թե սիրում է, դա ի՞նչ կփոխի: Դուք այլևս վատ չե՞ք զգա իր բառերից կամ ավելի սիրվա՞ծ կզգաք:
Ոչ թե պետք է շեշտադրում անեք իր սիրել չսիրելու վրա, այլ նրա, թե արդյոք դուք կարող եք ընկերություն անել կամ ապրել մի մարդու հետ, ում ասված կամ չասված բառերը ձեզ ցավ են պատճառում: Խոսեք նրա հետ ու բացատրեք, որ երբ ձեզ այդպես է դիմում դուք դրանից վատ եք զգում ու եթե իր համար նշանակություն չունենա դա, ուրեմն պետք է մտածեք, թե ինչքանով է պետք ձեր հարաբերությունները քեզ: Եթե մենք տվյալ մարդու հետ կոնֆորտ ենք զգում, սիրված ենք զգում կարողանում ենք գնալ որոշակի փոխզիջումների, ընդունել իր տեսակ, բայց եթե կասկածում եք սիրում է, թե չէ և ինքն էլ չի գնում փոխզիջումների, ապա պետք է շատ լուրջ մտածեք, թե այդ հարաբերություննեըը ձեզ ինչ են տալիս: Շեշտադրումը արեք ներկայի վրա, մի մտածեք, որ ժամանակ կանցնի կփոխվի, մարդիկ չեն փոխվում, եթե իրենք չեն գիտակցում, որ սխալ են անում: Դրա համար պետք է խոսել ու պարզել, թե իր համար ինչ նշանակություն ունի այդ բառը: Մարդիկ կան, որ չեն սիրում բառեր շռայլել, բայց սիրում են, իսկ մարդիկ կան չսիրելով հանդերձ բառեր են շռայլում, պետք է հասկանալ, թե ձեր ընկեր ինչի համար չի ասում: Իսկ իմանալու լավագույն տարբերակը իր հետ խոսելն է:
Փորձեք ինքներդ ձեր համար պարզել, թե ձեր համար ի՞նչն է սերը լավ բառերը, նվերները, ամեն հարցում կողքիդ լինելը, հասկացված լինելը, թե ինչը՞, թե բոլորը միասին: Երբ ինքներդ ձեր համար կպարզեք, նույն հարցադրումը իրեն արեք ու իրեն լսելուց հետո էլ, ինքներդ ներկայացրեք, թե ձեր համար ինչ է նշանակում սիրել, եթե ձեր ընկալումների մեջ շատ տարբերություններ կան, ապա փորձեք իրար հասկանալով փոխզիջումների գնալ: Իսկ եթե ոչ մեկդ փոխվել ու հասկանալ չի ուզում, ապա հարաբերությունները միշտ լինելու են լարված: Ի՞նչ է ձեզ պետք: Հաճախ մարդիկ միայնակությունից փախչելու, կողքնին ինչ-որ մեկը ունենալու համար գնում են ոչ առողջ հարաբերությունների: Նորից եմ կրկնում դրա համար պետք է ինքներդ ձեր համար պարզեք, թե ինչ եք ուզում: Ինքներդ ձեր մեջ պետք է լինեք ներդաշնակ, միայնակ լինելը ձեր համար չլինի ծանր բեռ, որից հետո կկարողանաք կառուցել ավելի առողջ հարաբերություններ, որովհետև ոչ թե կցանկանք ձեր կողքին լինի ինչ-որ մեկը լինելու համար, այլ լինի մեկը ում հետ կկարողանաք կիսել ձեր ուրախ և տխուր օրերը:
Աղբյուրը՝ inchuzem.am