▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է

«Հետք»-ը գրում է. «Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունը՝ First Channel America-ն (թարգմանաբար՝ «Առաջին ալիք Ամերիկա»), հիմնադրումից մեկ տարի անց էլ շարունակում է «տնավորված մնալ» Արաքսի Սիմիդյանի առանձնատանը, որն ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարն է, ինչպես նաեւ քարտուղարը:

2024 թ. «Հետքն» անդրադարձել էր First Channel America-ի հիմնադրմանն ու գործունեությանը: Գրել էինք, որ նախորդ տարվա մարտին պետական գրանցում ստացած այս ընկերությունն ի սկզբանե գրանցվել է Ա. Սիմիդյանի տանը՝ Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ թաղամասում (հասցեն՝ 8241 Babcock Avenue, North Hollywood, տես ստորեւ):

Ա. Սիմիդյանը կլինիկական հոգեբան է եւ մինչեւ Հանրայինի ամերիկյան մասնաճյուղի ղեկավար դառնալը որեւէ կապ չի ունեցել մեդիաոլորտի հետ: Փոխարենը նա ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հարազատ քույրն է: Ավելին՝ Սիմիդյանները բավականին մոտ հարաբերություններ ունեն վարչապետ Փաշինյանի ընտանիքի հետ:

Նախարար Սիմիդյանի քույրը 2009 թվականից ԱՄՆ քաղաքացի է:

Մինչեւ վերջերս նրա տան հասցեում էր գրանցված նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը: Արաքսի Սիմիդյանն այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ինչպես նաեւ ամերիկյան մասնաճյուղի (My Step Foundation Inc.) ֆինանսական ղեկավարն ու քարտուղարը:

Երբ անցյալ տարի Հանրային հեռարձակողի խորհրդի (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ. սա «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» եւ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ների կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմինն է) նախագահ Արա Շիրինյանին հարցրել էինք, թե արդյոք էթիկապես ճիշտ է, որ հանրային շահը սպասարկելու կոչված լրատվամիջոցի ղեկավարը լինի ՀՀ իշխող կուսակցությանը փոխկապակցված անձ, իսկ ընկերությունը գրանցված լինի այդ անձի տանը, որտեղ որ գրանցված է նաեւ իշխող կուսակցությանն առնչվող հիմնադրամը, Շիրինյանն ասել էր. «Մինչեւ ընկերության գործունեության ամբողջական մեկնարկը ԱՄՆ օրենսդրությամբ հարկավոր է, որ ընկերությունը գրանցվի որեւէ հասցեում: Այդ իսկ պատճառով First Channel America-ն ժամանակավորապես գրանցված է տվյալ հասցեում»:

Չնայած Շիրինյանը չէր հստակեցրել, թե երբ է նախատեսվում Հանրային ամերիկյան մասնաճյուղի ամբողջական մեկնարկը, եւ որքան է այդ «ժամանակավորապես»-ը, ենթադրելի էր, որ խոսքը մի քանի ամսվա մասին է: Մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը 2024-ի մարտին ԱՄՆ-ում հայտարարել էր. «Այս պահին մենք կանխատեսում ենք, որ մի քանի ամիս կփորձենք աշխատենք ավելի փորձնական ռեժիմով, հետո արդեն աշնանային եթերաշրջանում փորձենք ավելի մեծ շեշտ դնել այստեղ տեղական արտադրանք ստեղծելու վրա, բայց ամեն ինչ կախված է նաեւ տեղական շուկայի արձագանքից, թե ինչպիսին կլինի այստեղի թե՛ բիզնես միջավայրի, թե՛ հեռուստադիտողների արձագանքն այս նախաձեռնությանը»:

Իր հերթին Ա. Շիրինյանը 2024-ի ամռանը «Հետքին» փոխանցել էր. «Ի սկզբանե հայտարարվել էր, որ First Channel America-ի հեռուստաբովանդակության ձեւավորումը տեղի է ունենալու փուլային եղանակով. սկզբնական շրջանում Հայաստանում հեռարձակվող հաղորդումներն են ադապտացվել տեղի ժամային գոտուն: Գարնանային եթերաշրջանում նկարահանվել են «Օվկիանոսից այն կողմ» հաղորդումների շարքը եւ Պետրոս Ղազարյանի հարցազրույցները ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Աշնանային եթերաշրջանին ընդառաջ այժմ ընթանում են նոր նախագծերի նախապատրաստման աշխատանքները, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում»:

Իրականությունն այն է, որ մինչ օրս, «Օվկիանոսից այն կողմ» շարքից ու հարցազրույցներից բացի, եթեր է գնացել միայն «Հայրենակից» շարքը:

Շիրինյանին նախորդ տարի նաեւ հարցրել էինք, թե արդյոք ռիսկեր չի տեսնում First Channel America-ի անաչառության եւ ապակուսակցական չլինելու վերաբերյալ, եւ արդյոք առկա չէ շահերի բախում Արաքսի Սիմիդյանի՝ լրատվամիջոցի (այն էլ՝ պետբյուջեից ֆինանսավորվող) ղեկավար եւ ՀՀ իշխող կուսակցությանը փոխկապակցված անձ լինելու մասով:

«Ռիսկեր եւ շահերի բախում չենք տեսնում, քանի որ «Առաջին ալիք Ամերիկա» տեսալսողական ծրագրի հաղորդացանցը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատվում է Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից»,- արձագանքել էր Ա. Շիրինյանը, որն ինքն էլ առնչություն է ունեցել Փաշինյանի ղեկավարած ուժի հետ: Մասնավորապես՝ 2014-ին Շիրինյանն ընդգրկվել էր «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի խորհրդում որպես անդամ (հիմնադրամի տնօրենն էլ Հակոբ Սիմիդյանն էր), իսկ 2018 թ. քաղաքական փոփոխություններից առաջ ու հետո չի թաքցրել իր համակրանքը ներկա իշխանության հանդեպ: 2019-ի գարնանն էլ նա նշանակվել է Հանրայինի խորհրդի նախագահ:

«Հետքի» հրապարակումից հետո Սիմիդյանի տան պատկերը փակվել է

Մեր 2024 թ. հրապարակումից հետո, որում ցույց էինք տվել Արաքսի Սիմիդյանի եւ Արտեմ Առաքելյանի առանձնատունը Նորթ Հոլիվուդում, որտեղ գրանցվել էին First Channel America-ն եւ My Step Foundation-ը, տեղի է ունեցել փոփոխություն: Առանձնատան պատկերը Google Steet View համակարգում այլեւս տեսանելի չէ, փակվել է, ինչն արվել է տանտերերի պահանջով»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more