▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականները դաժանաբար գրոհում են Քլինթոնին

Ժամից ավել նայում էի CNN-ով ԱՄՆ Կոնգրեսի լսումները 2012 թ. Լիբիայում դեսպան Սթիվենսի սպանության հարցով: Այսպես կոչված ՛՛Բենղազի հանձնաժողովը՛՛ երեքամյա ուսումնասիրություններից հետո քննում է այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գործողությունները, վերլուծելով նրա էլեկտրոնային հաղորդագրությունները, հեռախոսային խոսակցությունները, հարցազրույցները, ներկայիս մեկնաբանությունները: Սա ԱՄՆ քաղաքական համակարգն է գործողության մեջ՝ անգութ, կոշտ,բազմաշերթ շահերով ու թաքնված ենթատեքստերով տոգորված՝ սակայն անչափ արդյունավետ ու աշխատող: Տպավորություն է, կարծես հսկայական մեքենայի շարժիչի աշխատանքին հետեւես: Հանրապետականները դաժանաբար գրոհում են Քլինթոնին որպես դեմոկրատական կուսակցության հիմնական թեկնածուին նախագահական ընտրություններում: Դեմոկրատները ապացուցում են, որ հետաքննությունը անաչառ չէ եւ պաշտպանում են Հիլարիին: Ուղիղ եթերում քաղաքականությամբ հետաքրքրվողները կարող են տեսնել, թե ինչպես է գործում աշխարհի ամենահզոր ու հեղինակավոր քաղաքական կենտրոնը: Եւ այս ամենի գլխավոր չափանիշը, որն աղոթքի պես կրկնում են երկու ճամբարներն էլ՝ ճշմարտությունն է: Արդյո՞ք տիկին Քլինթոնը թաքցնում էր որեւե բան ամերիկյան ժողովրդից, արդյո՞ն սուտ չի խոսվել այս ողբերգության մասին... 
Ինչպես էլ վերաբերվեն Հիլարի Քլինթոնին կամ ԱՄՆ Կոնգրեսին, սա շատ ուսանելի ու տպավորիչ տեսարան է: Մենք բազմաթիվ սկանդալներ, թալան ու կեղծիք, ջարդ ու սպանություն ենք տեսել վերջին երկու տասնամյակում, սակայն ո՝չ Երեւանում, ո՝չ Մոսկվայում արդեն քսան տարի շարունակ չի լսվում ՛՛ճշմարություն՛՛ խոսքը, չի հնչում սեփական ազգի առջեւ պատասխանատվության գաղափարը, ուստի եւ չկա ո՝չ պատասխանատվություն, ո՝չ էլ ճշմարտություն: Ոչ էլ ազգ:

 

Տիգրան Խզմալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more