▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համաձայնագրի մեջ լինելու է նշում ՀՀ տարածքի մի կարևոր հատվածը օտարի ենթակայությանը հանձնելու մասին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանձնում, հանձնում մինչև վերջ․
ԱՄՆ-ում կնքվելիք խաղաղության համաձայնագրի կամ հռչակագրի մեջ հիշատակում չի լինելու Ադրբեջանի կողմից ՀՀ-ից զավթված 250 քառակուսի կիլոմետր տարածքը ազատելու, Բաքվում տանջվող, դատվող հայ գերիներին ազատելու, Արցախի հնամենի վանքերն ու հուշարձանները բարբարոսաբար ավերելու մասին։ Լինելու է նշում Հայաստանի տարածքի մի կարևոր հատվածը օտարի ենթակայությանը հանձնելու մասին, դրա անունը կարող է լինել միջանցք, հաղորդակցության ազատ ուղի, կամ արտապատվիրակված տարածք։ Արցախը հանձնեց, սարերի ձյունապատ դիրքերը հանձնեց, Սև լիճը հանձնեց, Սյունիքից առանց կրակոցի տասնյակ կիլոմետրեր հանձնեց, սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը , Կիրանց-Բաղանիս հատվածի դիրքերը, Բերքաբերի հենակետերը հանձնեց, հիմա էլ Սյունիքից միջանցք, կամ ճանապարհ է հանձնում։ Հանձնում, հանձնում մինչև վերջ։ Հե՜յ արմատական ընդդիմություն, հե՜յ խաղաղասեր, նիկոլասեր ժողովուրդ»։

***

«Արցախ Միության» նախագահ Արտակ Բեգլարյանը գրում է. «Տարբեր միջազգային լրատվական ու փորձագիտական արտահոսքեր նշում են, որ վաղը Վաշինգթոնում ստորագրվելիք փաստաթուղթը հասցեագրելու է Սյունիքի ճանապարհի ռեժիմը և Մինսկի խմբի լուծարումը:
Ոչ մի անդրադարձ չկա ոչ միայն Արցախի ժողովրդի վերադարձին ու մեր ժառանգության ու սեփականության պաշտպանությանը, այլև՝ նույնիսկ գերիների ազատ արձակմանը, որը ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են` որպես իրենց առաջնահերթ ուշադրության հարց:
Այսինքն, հերթական անգամ սպասվում են Հայաստանի միակողմանի զիջումներ և Ալիևի դիվանագիտական նոր հաղթանակ, ով նախանձելի հետևողականությամբ կարողանում է ոչնչի դիմաց ստանալ ռազմավարական հաջողություններ:
Դե իսկ Մինսկի խմբի լուծարումը ինքնին մեծագույն ռազմավարական սխալ է Հայաստանի համար, որի դիմաց, կարծես թե, իշխանությունները չեն էլ բարեհաճում հասնել մեր 23 գերիների ազատ արձակմանը, որը շատ կոնկրետ ու իրագործելի խնդիր է՝ հատկապես Թրամփի միջնորդության պայմաններում:
Ամերիկացիները շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում կայուն, արդար, ներառական ու համապարփակ խաղաղությունը, և այդ չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն կարող խաղաղություն բերել տարածաշրջանին»:

***

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաշինգթոնյան բանակցություններ․ երկու հիմնական հնարավոր սցենար
ԱՄՆ-ում կայանալիք երկկողմ և եռակողմ բանակցություններին ընդառաջ և այս պահին առկա խիստ սուղ և հակասական տեղեկատվության համաձայն՝ կարելի է կանխատեսել 2 հիմնական հնարավոր սցենար։
Ըստ այդմ.
1. Քանի որ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գործընթացի մի ահռելի ծավալ ստվերային մակարդակում է, որի մասին վկայում է նաև պարբերաբար դաշտ սպրդող հակասական հատվածային տեղեկատվությունը, ինչն օբյեկտիվ է՝ հաշվի առնելով այս հիմնախնդրի շահառուների թիվը և իրարամերժ, շահերը, անգամ թշնամական դիրքավորումները, ուստի չի բացառվում, որ վերջին ամիսներին տեղի ունեցած ակտիվ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ Երևան-Բաքու հարաբերություններում եղած առանցքային հիմնախնդրի՝ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցի շուրջ։ Ուստի, չի կարելի բացառել նաև, որ դրա հետ կապված՝ ժամանակ առ ժամանակ միտումնավոր կերպով դաշտ է նետվել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ կանխատեսելի խոչընդոտները չեզոքացնելու նպատակով։
Հետևաբար, եթե այս գործընթացում արդեն իսկ առկա են կոնկրետ լուծումներ, ապա Վաշինգտոնում կարելի է ակնկալել անգամ արդեն իսկ փոխհամաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
2. Եթե, այնուամենայնիվ, գործընթացը հրապարակային տեղեկատվության մակարդակում է, այսինքն՝ ապաշրջափակման գործընթացում դեռևս չկան վերջնական լուծումներ, իսկ ամերիկյան ներգրավվածության հարցն էլ հայկական կողմից անընդունելի առաջարկի տիրույթում է, ապա Սպիտակ տանը կայանալիք բանակցությունների ամենաիրատեսական արդյունքը որևէ միջանկյալ փաստաթղթի ստորագրումն է, որպես օրինակ՝ Եռակողմ հայտարարություն խաղաղությանը հավատարիմ մնալու և հնարավորինս շուտ եղած խոչընդոտները լուծելու, խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։
Հ․Գ․ Ձեռք բերված/չստացված պայմանավորվածությունների, ստորագրվելիք փաստաթղթի մասին ավելի առարկայական գնահատականներ հնարավորություն կլինի տալ բացառապես բավարար տեղեկատվության առկայության դեպքում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more