Թարմացված․ «Հիմա որ գալիս են այստեղ ու նամակներ են բաժանում պատգամավորներին, ասում են՝ եկեք վարչապետի իմպիչմենթ անենք, իրենք փորձում են ինչ-որ մեկին գողանա՞ն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան դիտարկմանը, որ ՔՊ-ն փորձում է Գյումրիում մանդատ գողանալ՝ «Մեր քաղաքը» խմբակցությունից դուրս եկած Կարեն Բադալյանի միջոցով։ «Ոչ մեկ ոչ մեկին չի գողանում, ես այդ մարդուն չեմ ճանաչում։ Որևէ կապ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի և ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ։ Մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ։ Տեր ենք կանգնում ձայներին»,- նշել է ԱԺ նախագահը։ |
Թարմացված․ Քաղաքապետից գրություն էր ստացել ընտրատեղամասային հանձնաժողովը, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը վայր է դնում մանդատը, սակայն երկու օրվա մեջ նորից գրություն է ստացել, որ չի հրաժարվում մանդատից: Այս մասին «Թերթ»-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը:
«Դա է պատճառը, որ ընտրատեղամասային հանձնաժողովը նիստ չի գումարել՝ մանդատը հաջորդ անդամին փոխանցելու համար: ԸԸՀ-ն դիմել է քաղաքապետարան՝ մանրամասնելու, թե որ դիմումը հիմք ընդունի: Քաղաքապետը պետք է պատասխանի պաշտոնապես, սակայն դեռ քաղաքապետարանից գրություն չկա»,- ասել է Ղուկասյանը:
Լրագրող Հայկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ աչքովս ընկավ փաստաբան Սոս Հակոբյանի հարցազրույցը Գյումրիից, ստացվում ա նիկոլենք զբաղված են դասական անասնագողությամբ, ինչն արեցին Երևանում»:
***
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանությունը ինքը չէր լինի, եթե չփորձեր Գյումրիում մի կեղտոտ բան անել: Փորձում են գողանալ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքի մանդատը... *** |
«Իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ՝ կամաց-կամաց սկսելու խարխլել այն քաղաքական պատկերը, որն ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։ Նա հայտնել է․ «Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» խմբակցությունից Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ ձևավորվեց 6 հոգանոց թիմ։ Ապրիլի 21-ին այդ թիմից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դիմումից 2 օր հետո բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել, որ շարունակում է պաշտոնավարել և դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Հասկանալի է, որ այստեղ միջամտություն է տեղի ունեցել, անձի կամքի վրա ազդեցություն է եղել, նաև կարելի է հոգեբանական բռնություն անվանել։ Մեկ տրամաբանություն կա՝ ընդդիմադիրներից պոկված անկախ ավագանին կարող է ընդամենը մեկ շահի ծառայել՝ իշխանության շահին։ Այս միջամտությունը փորձ է խեղելու, փոխելու գյումրեցու քվեի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը»։ |