▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում է միջազգային ճանաչված լուսանկարիչ-լրագրող Ջոն Ստենմայերը

Գյումրիում այսօր սկսել է միջազգային ճանաչված մրցանակակիր լուսանկարիչ-լրագրող, National Geographic և Time ամսագրերի աշխատակից Ջոն Ստենմայերի աշխատարանը (Storytelling & Social Media workshop by  John Stanmeyer) որը տևելու է մինչև մարտի 12-ը: Ինչպես «Արևելքին» հայտնեցին 4Plus վավերագրական լուսանկարչական կենտրոնից (որ Գյումրիում Ջոն Ստենմայերի աշխատարանի աջակիցներից է), հեղինակավոր լուսանկարչի միջազգային աշխատարանին մասնակցում է 12 հոգի՝ տարբեր երկրներից:


Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Իտալիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից, այլ երկրներից, իսկ աշխատարանի երկու մասնակից էլ ընտրվել  է Հայաստանից (Քնար Բաբայան և Յուլիա Գրիգորյան): Հայ մասնակիցները, ինչպես տեղեկացրեց 4Plus-ի համահիմնադիր Անուշ Բաբաջանյանը, ընտրվել են մրցույթով և աշխատարանին մասնակցելու են անվճար:

Ամերիկացի լուսանկարիչը Գյումրին պատահական չի ընտրել: Անցյալ տարի, լինելով Հայաստանում, նա տեսել է, որ երկրի կյանքը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաքում: Իր հերթական աշխատարանն անցկացնելով Գյումրիում՝ նա նպատակ է ունեցել ուշադրություն հրավիրել քաղաքի վրա:


Ջոն Ստենմայերի աշխատարանի մասնակցողներից յուրաքանչուրն ընտրել է մեկական թեմա, որոնց վրա Ջոն Ստենմայերի օգնությամբ աշխատելու է մեկ շաբաթվա ընթացքում: Թեմաները տարբեր են՝ կանանց իրավունքներից մինչև տեղական ավանդույթներ, տնակային պայմաններից մինչև լուսավոր Գյումրի: Առանձին անդրադարձներ են լինելու նաև կրոնին, խորհրդային տարիների հիշողություններին:


Լուսանկարչության գաղտնիքները փոխանցելուց բացի, Ջոն Ստենմայերը մասնակիցներին սովորեցնելու է լուսանկարչությունը սոցիալական մեդիայում տարածելու ժամանակակից հնարավորությունները:


Տեղեկացանք նաև, որ Ջոն Ստենմայերի՝ 2015-ի հայաստանյան այցի մասին լուսանկարչական ռեպորտաժն առաջիկա ապրիլին տպագրվելու է National Geographic-ում: Միջազգային լուսանկարչի հետ հանդիպելու հնարավորություն կունենան  նաև Երևանում: Մարտի 16-ին և  18-ին նա երկու հանրային դասախոսություն է ունենալու «Ականաթում» և ՀԲԸՄ երևանյան կենտրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more