▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգորյանին Ռուսաստանից արտաքսել են «քաղաքական դրդապատճառներով»

azatutyun.am-ը գրում է. Հայաստանի արտգործնախարարությունը զբաղվում է այդ խնդրով՝ խոստանալով պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ:

Ռուսաստանի իշխանությունները երկրից արտաքսել են ՀՀ քաղաքացի, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին, թույլ չտալով նրան դուրս գալ Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանի տարածքից:

Իր արտաքսման մասին Գրիգորյանը երեկ նամակով տեղեկացրել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին: Նամակում Գրիգորյանը նշել է, որ օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 8-ին, ժամանել է «Շերեմետևո» օդակայան, որտեղից էլ պետք է ողևորվեր ՌԴ մայրաքաղաք՝ այցելելու հոր՝ Մոսկվայում գտնվող շիրիմին: Սակայն, օդակայանում նրան ռուս սահմանապահները կանգեցրել են՝ տեղեկացնելով, որ Գրիգորյանի մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը:

Վերլուծաբանին ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության «Ելքի և մուտքի կարգի վերաբերյալ» օրենքը, որն անդրադառնում է օտարերկրացիների՝ քրեական և այլ կարգի խախտումներ պարունակող գործողություններին: «Այդ ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ վերջին 20 տարում ես Ռուսաստանում որևէ գործունեություն չեմ ծավալել»,- Բարսեղյանին ուղղված իր նամակում գրել է Ստեփան Գրիգորյանը, ընդգծելով՝ իր դեպքում էական է եղել միայն օրենքի այն կետը, որը վերաբերում է այն օտարերկրացիների արտաքսմանը, ովքեր համագործակցում են Ռուսատանում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ ղեկավարած՝ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնն ակտիվորեն համագործկացում է եվրոպական հասարակական կազմակերպությունների, կենտրոնների, ժողովրդարվարական ֆոնդերի հետ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ուներ: Հայտնի է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում նույնպես ճնշել քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների գործունեությունը»,- նամակում նշել է Ստեփան Գրիգորյանը՝ շեշտելով, որ «Շերեմետևո» օդակայանում գտնվելու ընթացքում իր ձեռքից վերցրել են անձնագիրն ու զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:

Ստեփան Գրիգորյանն իր նամակում տեղեկացրել է, թե արդեն իսկ դիմել է Հայաստանի արտգործնախարությանը՝ իր իրավունքները պաշտպանելու պահանջով: «Մի քանի օր կսպասեմ պատասխանի, որից հետո ինքս գործողություններ կիրականացնեմ՝ իմ ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար »,- իր նամակն այսպես է եզրափակել Ռուսաստանից արտաքսված հայ քաղաքագետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more