▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացքի տակ ընկած 16–ամյա պատանին մահացել է․ նա Արցախից էր

Մայիսի 25-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել:

Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել 16–ամյա  Մ. Է.-ին, ով եղել է ականջակալներով: Նա մահացել է։ 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մահացած պատանին Արցախից էր։

***

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել. «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։ Վարելու ռեժիմի ճշգրիտ տվյալները պարզ կլինեն արագաչափ ժապավենի վերծանումից հետո։ Դեպքի հանգամանքները քննվում են համապատասխան մարմինների կողմից։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորին ցավակցություն է հայտնում մահացածի հարազատներին և մտերիմներին։

Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը բարձր վտանգավորության գոտի է, և քաղաքացիները պետք է խստորեն պահպանեն անվտանգության կանոնները։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարբերաբար հիշեցնում է երկաթուղային գծերի հատման կանոնների խախտման հետևանքով առաջացող վտանգների մասին և նախաձեռնում է կրթական ծրագրեր՝ ուղղված անվտանգության պահանջների իրազեկմանը։

ՀԿԵ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մի շարք ոլորտային կազմակերպությունների հետ համատեղ, մշակել է «Երեխաների վարքի կանոնները երկաթուղային տրանսպորտում» կրթական ծրագիրը, որի շրջանակում արդեն վերապատրաստվել են մոտ 1000 ուսուցիչ և աշակերտ։ Ծրագրի իրականացումը շարունակվում է։

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքի տարածքում, խստորեն պահպանել անվտանգության կանոնները և երկաթուղային գծերը հատել միայն սահմանված վայրերում՝ համոզվելով, որ մոտակայքում գնացք չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more