▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնա մեռի, արի սիրեմ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ գիշեր վախճանվել է հայկական սպորտի լեգենդներից մեկը՝ Վարդան Միլիտոսյանը: Նա առաջինն էր, որը տարիներ անց հայկական ծանրամարտին վերադարձրեց կորսված փառքը, հետ տարավ տարիների վարագույրն ու պարտադրեց աշխարհին խոսել հայկական ծանրամարտի մասին: Իր բազմաթիվ հաջողությունների և ձեռքբերումների համար դարձել էր Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1976, 1978), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (1976, 1978), օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976), հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր։ Սպորտի վաստակավոր վարպետ էր:

Եվ ՀԱՕԿ-ն իր ցավակցական գրի մեջ բարձր է գնահատել Վարդան Միլիտոսյանին, արժևորել նրան: Հուղարկավորության ժամանակ էլ շատ կխոսվի նրա մասին, կասվի, որ նա ձևավորեց ծանրամարտի մի նոր դպրոց մեզանում, դաստիարակեց բազում սաներ, որոնցից առանձնացավ Իսրայել Միլիտոսյանը:

Բայց ոչ ոք չի խոսի այն մասին, թե գյումրեցիները հատկապես վերջին տասնամյակին որտե՞ղ են ավելի շատ տեսել Վարդան Միլիտոսյանին՝ մարզումների դահլիճու՞մ, մարզչի պարտականություններ կատարելի՞ս, թե՞ Երևան-Գյումրի ճանապարհին, Հայաստանից դեպի Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն ձգվող ճանապարհներին: Ի՞նչ էր նա անում այդ ճանապարհներին, ինչու՞ էր մարզասրահը փոխարինել ճանապարհներով: Վարդան Միլիտոսյանն իր անձնական օգտագործման մեքենայով զբաղվում էր ուղևորափոխադրումներով, ինչպես ընդուված էր ասել՝ «փափախ էր անում»՝ այսպես իր ընտանիքը փոքր-ինչ բարվոք պայմաններում պահելու, սոցիալական խնդիրները կարգավորելու համար:

Մարզաշխարհի առաջնորդները Վարդան Միլիտոսյանին դուրս էին թողել դաշտից, մոռացության էին մատնել՝ այսպես առավելապես մտահոգվելով մի նոր սերնդով, որն արդեն իրենց ձևավորածն ու աճեցրածն էր: Ուստի, Վարդան Միլիտոսյանի նման մեկը, այն էլ Գյումրիում ապրող, իրենց պետք չէր: Եվ աշխարհահռչակ մարզիկն ամեն առավոտ շուտ հայտնվում էր Գյումրու ավտոկայարանում և ուղևորներ հավաքագրում: Նրան մարզական հանդեսներին ու մեծարանքի երեկոներին չէին կանչում, չէին կամենում մեկ անգամ ևս արժևորել նրա մեծագույն վաստակը, նրա փառքը...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more