▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազը չի հաստատել Գևորգ Սաֆարյանի մեղադրանքը

azatutyun.am-ը գրում է. Ամանորից ազատազրկված Գևորգ Սաֆարյանի գործը դատարան չի ուղարկվել. գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրանքը՝ գործը ուղարկելով լրացուցիչ քննության։

Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ դատախազությունը վերացրել է նաև Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ոստիկանների գործողությունները Գևորգի և ընկերների դեմ համարվել էին իրավաչափ։ Ոստիկանների դեմ հարուցված, ապա կարճված քրեական այս գործը ևս դատախազությունը ուղարկել է նոր քննության։

Սաֆարյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը կարծում է՝ իրավապահները փորձում են շտկել սխալները՝ եվրոպական կառույցների առջև չխայտառակվելու համար։

«Միգուցե հասկացել են, որ հնարավոր չէ էսպիսի ապացույցներով գործ ուղարկել դատարան, և դա վատ չի, սխալ ճանապարհից հետ դառնալը ինչ-որ առումով լավ չափանիշ է թե՛ մասնագետի, թե՛ դատախազության համար, ինչը մեր դատարանների մասին չենք կարող ասել։ Մենք ամեն կերպ փորձեցին, որ դատարանները վերջնական եզրահանգման գան և վերջակետ դնեն, որ գոնե էս պահին կալանավորում չպետք է լինի, դատարանները չկարողացան անկախ գտնվել և շատ անհեթեթ որոշումներ կայացրեցին»,- ասաց փաստաբանը։

Գևորգ Սաֆարյանը կալանավորվել է տարեմուտի գիշերը Ազատության հրապարակում եղևնի տեղադրելու փորձից հետո՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Ամիսներ շարունակված քննությունը, ըստ փաստաբանի, ընթացել է խախումներով։ Հայրապետյանը պնդում է՝ առերեսումների ժամանակ քննիչը ուղղորդել էր ոստիկան Գեղամ Խաչատրյանին ու նրա ենթականերին, և նրանց ցուցմունքները հաճախ տարբերվել են նախորդներից կամ հակասել մեկը մյուսին։

«Էդքան պատրաստելուց հետո նրանք չէին կարողանում ցուցմունքներ տալ, մի քանի դրվագ ես եմ տեսել՝ ոստիկանը ոտքով խփում է քննիչին, որ քննիչը ինչ-որ բան ասի։ Քննիչն էլ նայում է, որ ես տեսնում եմ, բան չի ասում։ Ես ասում եմ՝ «գիտեք ինչ կա, քննիչը չի կարող հուշել ձեզ, պատասխանեք հարցին»»,- պատմեց փաստաբանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more