pastinfo.am-ը գրում է, որ հինգշաբթի օրը՝ մայիսի 21-ին, կառավարության հերթական նիստում, ամենայն հավանականությամբ, գործադիրը վերջնականապես կհայտարարի «Գլենդել Հիլզ»-ի կործանումը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով՝ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը հենց այս ընկերությանն է վերաբերում: Քաղաքապետն առաջարկում է «Հին Երևան» նախագծի համար հատկացված Աբովյան, Փավստոս Բյուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին 2013թ-ին ընդունված որոշումից հանել «Գլենդել Հիլզ»-ի անունը: «Երևանի քաղաքապետարան են դիմել «Ի ԷՄ ՍԻ», «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ները և տեղեկացնելով այն մասին, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի նկատմամբ շարունակական ներկայացվում են հարկադրված սնանկության դիմումներ, որն անհնարին է դարձնում վերջինիս կողմից այդ տարածքների՝ օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի իրականացումը»: Ի դեպ, հետաքրքրական է, որ ընկերությունների դիմումում նշված փաստերն ստուգելու համար քաղաքապետարանում դիմել են DataLex դատական տեղեկատվական համակարգի օգնությանը:
Դրա միջոցով «պարզվել է, որ իրոք «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի վերաբերյալ հարուցված են մի քանի սնանկության վարույթներ»,-ասված է որոշման նախագծի հիմնավորումներում: Այսպիսով՝ համոզվելով, որ «Գլենդել Հիլզ»-ը սնանկ է ու չի կարող իրականացնել իր պայմանագրային պարտավորությունները, քաղաքապետարանում որոշել են նրան հատկացված տարածքները հանձնել «Ի ԷՄ ՍԻ» ընկերությանը, ով «Գլենդել Հիլզ»-ի հետ միաժամանակ, 2013թ-ին կնքված նույն պայմանագրով հիշյալ տարածքի որոշ հասցեներում օտարման ու կառուցապատման աշխատանքներ իրականացնելու իրավունք էր ստացել:
Ի դեպ, արդեն ավելի քան 2 տարի է, ինչ «Գլենդել Հիլզ»-ի սնանկության մասին համառ լուրեր են շրջում, ընկերությունը չի կատարում Երևանի կենտրոնի օտարված հասցեների բնակիչներին բնակարանով ու վարձակալության գումարներով ապահովելու՝ իր ստանձնած պարտավորությունները: Իսկ կառավարությունը պարբերաբար խուսափում էր ընկերության ֆինանսական վիճակին հստակ գնահատական տալուց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում