▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը զոհված զինծառայողը երեկ պայթյունից հրաշքով էր փրկվել

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 18-ի գիշերը զոհված 19-ամյա Ֆիդար Ալոյանը դեպքից ժամեր առաջ էր խոսել հոր հետ և  հայտնել, որ վաղ առավոտյան հրաշքով է փրկվել հակառակորդի գնդակից: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Արմավիրի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը , որի ազգականն է զոհված զինծառայողը:

 «Դեպքի առավոտյան հոր հետ էր խոսել, ասել էր ինչ-որ պայթյուն է եղել, կասկեն գլխից ընկել է, հրաշքով փրկվել է, բայց, արի` տես, գիշերը զոհվեց»,- ասաց գյուղապետը:

Նա հայտնեց, որ համագյուղացին մարտերի ժամանակ է զոհվել, ծառայության մեկ տարին դեռ չէր լրացել:

«Խելոք, հավեսով տղա էր: Կարատեի էր գնում, Սևծովյան տարածաշրջանային առաջնության հաղթող էր: Դաշնամուր էր պարապում: Շատ համեստ տղա էր, շատ ռիսկով»,-Asekose.am-ին պատմեց  Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը, ապա հավելեց, որ ամիսներ առաջ լավ ծառայելու համար արձակուրդ էին տվել Ֆիդարին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ, որի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:

Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more