***
Գիշերը այրել են ընդդիմադիր ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանի մեքենան․ Մանուկ Սուքիասյան
Դիտեք նաև՝
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որն իրականացվել է հրկիզմամբ ՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 04:00-ի սանմաններում, հրկիզել են Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան։
***
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ տեղեկացանք, որ հրկիզվել է ընդդիմադիր ավագանու անդամին պատկանող ավտոմեքենան։ Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։ *** |
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Քիչ առաջ այրել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան, որը կայանված էր նրա տան բակում։ Հրշեջներն ու ոստիկաններն արդեն ավարտել են իրենց աշխատանքը։ |
***
«Սա կրում է ակնհայտ պատվիրովի բնույթ ու էս ամենի պատասխանատուները, շահառուները գործող իշխանություններն են»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը: «Ծեծ ու ջարդ, ավագանու նիստերի ժամանակ կոնֆլիկտներ, բիրտ ուժով դահլիճից հեռացնել... ինչ ասես՝ չենք տեսել էս մեկուկես տարվա ընթացքում: Տեղի ունեցածը շարունակությունն է իշխանությունների հետևողական վախերի: Հիմա էլ փորձում են նման կերպ ահաբեկել»,- հավելել է նա:
***
«Երեկ ՔՊ-ն «խրախուսեց» բռնությունը, լկտիությունը, դրան հաջորդեց մյուս դեպքը: Խիստ դատապարտում եմ էս աշխատաոճը»,- հայտարարել է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը: «Եթե մտածում եք՝ Գևորգ Ստեփանյանին կարող եք լռեցնել ու նա չի ասելու՝ քաղաքում ճգնաժամ է, սխալվում եք»,- հավելել է նա: |
***
«Արա՛, 90-ականների հոգեզավակնե՛ր, սրանով ոչ մի բանի չեք հասնելու, մեքենա այրեք, ինչ ուզում եք այրեք: Սրա պատասխանը ձեր հարյուր պորտ էն կողմ տալու ենք»,- անդրադառնալով իր ընտանիքին պատկանող ավտոմեքենայի հրկիզման դեպքին՝ ֆեյսբուքյան եթերում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը: «Ինչ տաք՝ ստանալու եք ավելի ուժգին: Քթներիցդ եմ բերելու»,- հավելել է նա: |