armtimes.com-ը գրում է. Կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաներից բուհերի դիմորդների գիտելիքների ստուգումով այսօր մեկնարկեցին միասնական քննությունները: Հայտնի ու անհայտ ծնողների բազմաթիվ երեխաներ շատ կամ քիչ հուզմունքով մտել են քննական կենտրոններ, իսկ այնտեղից դուրս եկել հիմնականում խանդավառված` արձանագրելով, որ թեստերը շատ ավելի հեշտ էին, քան եղել են նախորդ տարվա քննական առաջադրանքները: Վերջիններս էլ իրենց հերթին բարդության աստիճանով զիջել են 2014-ի թեստերին:
Թիվ 190 դպրոցի բակում ավանդույթի համաձայն իրենց դիմորդ երեխաներին սատարելու եկած եւ արեւահարվող ծնողների մեջ հանդիպեցինք ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին` Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդուն: Նրա աղջիկը նույնպես պատրաստվում է բժիշկ դառնալ եւ քննություն էր հանձնել կենսաբանություն առարկայից: «Ասում է, որ լավ է գրել: Ճիշտ է, ասում է, որ դժվար առաջադրանքներ էլ կային, հեշտ էլ, բայց տրամադրությունը լավ է, համենայնդեպս: Կարծում եմ, որ նորմալ է»,- ասաց Արման Սահակյանը: Նրա դուստրը նույնպես պարապել է կրկնուսույցի մոտ: «Իհարկե: Ավագ դպրոցում նաեւ իր ուսուցչուհու հետ է պարապել: Ինքը խելացի երեխա է: Ավագ դպրոցը հիմնարար գիտելիքներ տալիս է, բայց ցանկացած դեպքում կարծում եմ, որ դուք էլ, եթե բարձրագույն ինստիտուտ ավարտել եք, ինքներդ էլ հենց կրկնուսույցի մոտ պարապած կլինեք: Դա նույնիսկ Խորհրդային տարիներին էր այդպես, երբ որ մենք էինք ընդունվում ինստիտուտ»,- հավելեց նա:
Այս տարի բժշկական համալսարանում թանկացել են ուսման վարձավճարները: Ընդհանուր բժշկության ֆակուլտետում, որտեղ Արման Սահակյանի դուստրն է դիմել, 800 հազարի փոխարեն դարձել է 1 միլիոն դրամ: Հետաքրքրվեցինք, թե այդ գումարը վճարելը բարդություն չի՞ ներկայացնելու: «Դե, բնականաբար, միանգամից չես մուծելու ուսման վարձը, կարծում եմ, որ աշխատում ենք, հնարավորություն կունենանք ամբողջ ընտանիքով լուծելու մեր աղջկա խնդիրները»,- պատասխանեց դիմորդի հայրը:
Ի դեպ, նշված քննական կենտրոնից հեռանալիս դպրոցի հարակից տարածքում նկատեցինք պետական գույքի կառավարման վարչության պետի ծառայողական ավտոմեքենան: Նույն քննական կենտրոնում քննություն հանձնած մյուս դիմորդների ծնողների վճարած հարկերը, փաստորեն, ծառայեցվել էին Արման Սահակյանի ընտանիքի քննական հոգսերը թեթեւացնելուն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում