Երեկ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում առաջին անգամ լսվել է զանգերի ղողանջներ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը և հավելել, որ եկեղեցու զանգերը նվիրել է Ֆրանսահայ Տանկրեզ ընտանիքը:
«Չնայած զանգեր չունենալու հանգամանքին՝ եկեղեցին լիարժեք գործում էր, և մշտապես կատարվում էին եկեղեցական արարողություններ: Այսուհետ զանգերի ղողանջները մեզ ավելի են պարտավորեցնելու, որ մենք այդ հնչյունների ներքո էլ ավելի ոգևորված և զորացած կատարենք մեր առաքելությունը»,-ասել է քահանա Մովսիսյանը:
Հոգևոր հովվի խոսքով՝ զանգը եկեղեցու լեզուն է, որով մարդկանց կանչում է ժամերգության և պատարագի:
«Զանգը կախված է եկեղեցու զանգակատանը և մեզ համար մեծ ուրախություն է, որ վերջապես եկեղեցին ունեցավ զանգեր»,- հավելել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:
Նշենք նաև, որ զանգերը օրհնվել և կախվել են հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ: