Հունվարի 11-ին ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թթ.թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
Համաձայն նախագծի՝ վերջին տարիներին պետական պահուստները համալրվել են միայն օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, պետությանն անցած թանկարժեք մետաղներով, քարերով և դրանցից պատրաստված իրերով: 1996թ. հետո ՀՀ Կառավարության կողմից սահմանված կարգով և չափով դրանց իրացում չի իրականացվել, որի արդյունքում կուտակվել են բավարար քանակությամբ ապրանքներ, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են արդիականությունը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի փոխանցմամբ՝ գանձարանում առկա են երկու խումբ ապրանքներ:
«Առաջինը պատմամշակութային արժեք ներկայացնողներն են, որոնք չեն գնահատվում, չեն վաճառվում և ցուցադրվում են թանգարաններում, օրինակ՝ հին մետաղադրամները, գոտիները, սպասքը և այլն: Երկրորդ խումբ ապրանքները կիսաթանկարժեք քարեր են, գնահատված են, ունեն արժեք և կարող են վաճառվել:
Դրանց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.9 միլիրադ դրամ, որից մոտ 400 միլիոն դրամի ոսկու ձուլակտորներն արդեն իսկ համարվում են լիկվիդային արժեք, իսկ մնացած 1.5 միլիարդ դրամի ապրանքները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, ապրանքային տեսքն ու արժեքը: Գանձարանի գոյության նպատակը արտակարգ իրավիճակներում տնտեսության անհետաձգելի կարիքները մետաղներով գործարքներ իրականացնելն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարարը՝ հավելելով, որ նախատեսված բաց, հրապարակային աճուրդի ժամանակ, որի տևողությունն ի դեպ, 4 տարի է, պետք է կարողանան զարդը զարդի գնով իրացնել, մարգարիտը՝ մարգարիտի ու նպաստել գանձարանի համալրմանը:
«Նախարարությունն առաջիկայում կհրապարակի, թե ովքե՞ր են ցանկանում աճուրդը կազմակերպել: Այն ՀՀ սահմաններում է լինելու»,-նշեց Արմեն Հայրապետյանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարարը հորդրեց նաև սա չխառնել Կենտրոնական բանկում գտնվող մեր մեծ պահուստի հետ:
Անի Կարապետյան