Հունիսի 11-ին Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Երեւան, որտեղ պետք է Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում մրցի Հայաստանի ընտրանու հետ:
«Զվարթնոց» օդանավակայանում առաջին հայկական ճակատի (ՖԱՖ) ներկայացուցիչները «ջերմ» ընդունելություն կազմակերպեցին պորտուգալացիների համար, ինչը սակայն միանշանակ չընդունվեց հայ ֆուտբոլասերների կողմից:
Այդ առթիվ ՖԱՖ-ն իր ֆեյսբուքյան էջի միջոցով պարզաբանում է տարածել:
«Սիրելի հայրենակիցներ
Գռեհիկ երկրպագուներ, վայրենի երկրպագուներ, անամոթ երկրպագուներ ասվածը իհարկե մեր մասին չէ, եւ իհարկե մենք պարապ երկրպագուներ չենք՝ «Զվարթնոց» օդանավակայանին կարոտ… Հայկական ֆուտբոլին հետեւող մարզասերները վերջին 8 տարիներին հասցրել են տեսնել այն կուլտուրան, որը բերել է ՖԱՖ-ը մարզադաշտ: Դանիացի, իտալացի, ֆրանսիացի երկրպագուների հետ մենք միասին ծափահարել ենք մեր 2 հավաքականներին, ընկերություն արել խաղադաշտից դուրս, իսկ Բոսնիայի, Բուլղարիայի, արդեն նաեւ Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին եւ ֆուտբոլիստներին տվել ենք համարժեք պատասխան: Ինչո՞ւ նաև Պորտուգալիան… Ոչ այնքան նրա համար, երբ պարտված խաղից հետո արժանացանք հարեւան տրիբունայի պորտուգալացի երկրպագուների ծաղրին եւ վիրավորական ժեստերին, ոչ այնքան նրա, երբ ազգային հավաքականի համար Ալգարվեյում տեխնիկապես ստեղծվեցին հնարավոր ամենավատ պայմանները՝ արհեստական բազմաթիվ խոչընդոտներով, ոչ այնքան 2007-ի պորտուգալացի ֆուտբոլիստների կեղտոտ պահվածքի…
Հիմնական պատճառը այդքանից հետո ականատես չլինելն էր հիստերիայի պոռթկումների զզվելի տեսարանների, թե ոնց են հայ տղերքն ու աղջկերքը կիսամերկ ֆուտբոլիստների նկարներով տենչում կպնել մրցակից թիմի խաղացողներին, ովքեր ժամանել են Երեւան, իրենց ասելով, միմիայն Հայաստանի հավաքականին հաղթելու նպատակով: Այդքանից հետո մրցակից թիմի ֆուտբոլիստները եւս բարդություններ զգային մրցակցի ճամբարում՝ դափնիներով ընդունելության փոխարեն»: