Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ամենակիրթ, ամենաինտելեկտուալ, ամենազարգացած, ամենապերճախոս, ամենափայլուն, ամենազգայուն, ամենահոգատար, ամենախոհեմ, ամենակիրթ, ամենաբարեհամբույր, ամենանրբանկատ, ամենանկատ, ամենափիլիսոփա և ամենագերազանցիկ միլիցիոներ Վալերի Օսիպյանին խնդրում եմ չներքաշել սադրանքների մեջ:
Մարդը ոստիկանության սիմվոլն է, նրա հասարակական-հանրային խոհափիլիսոփայական դեմքը, ոստիկանի համազգեստի պատիվը, ժողովրդի անվտանգության երաշխավորը և սուրբ սահմանադրության կիսասուրբ պաշտպանը: Նա միլիցիայի կարելի է ասել՝ «ռահվիրան» է, երբեմն ցուցումներ է տալիս իր պաշտելի ժողովրդին ճիշտ կենսաձև վարելու և սեփական կյանքը անվտանգությամբ շահագործելու վերաբերյալ:
Մշտապես մտածում է ձեր մասին և ամեն ճիգ գործադրում իր հարուստ փորձը հանուն ժողովրդի և նրա մաս հանդիսացող ոստիկանության՝ կիրառելու համար: Մի խանգարեք մեր այդ մեծ մտածողին կատարել իր գործը, մի շեղեք և առավել ևս մի քննադատեք նրան: Մի ներքաշեք ձեր ապօրինի և ագրեսիվ զրույցների մեջ, իսկ ավելի լավ է՝ մի խլեք նրա թանկարժեք ժամանակն ու ներքին ուժերը՝ ծախսելով դրանք ձեր ճղճիմ ցույցերն ու ապօրինի հավաքները օրենքի և հանրության ընդունելի կանոնների շրջանակներում պահելու համար:Եղեք օրենքի շրջանակներում: Նստեք տանը և թեյ խմեք: